Աննա Ժամակոչյանը հանդիպում է ունեցել Ելենա Միլոշևիչի հետ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀՆ-ից։
Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի խորհրդական Վիկտորյա Այդինյանը, սոցիալական պաշտպանության ոլորտում ռազմավարությունների մշակման, տեխնիկական աջակցության կարիքների գնահատման առաքելության շրջանակում Պարենի համաշխարհային ծրագրի կողմից ՀՀ հրավիրված փորձագետներ՝ Կահիրեի տարածաշրջանային և ՊՀԾ գլխամասային գրասենյակներից։
Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, նախանշվել սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները։
Աննա Ժամակոչյանը ներկայացրել է սոցիալական աջակցության ոլորտում նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններն ու իրականացվող ծրագրերը։ Նախարարի տեղակալն ընդգծել է Սոցիալական շտապօգնության՝ որպես պարենային և այլ հրատապ կարիքների դեպքում արագ արձագանքման համակարգի ու պահեստային ցանցերի ներդրման անհրաժեշտությունը։ Վերջինս միաժամանակ շեշտել է սննդային քարտերի համակարգի հասանելի ցանցի ներդրման կարիքը։
«Սոցիալական շտապօգնության համակարգի գործարկումը հնարավորություն կտա ՀՀ բոլոր մարզերում ունենալ պահեստներ, որոնք սննդային փաթեթների կամ այլ առաջին անհրաժեշտության պարագաների հասանելիություն կապահովեն։ Այս համակարգում կարևոր դեր կունենան Միասնական սոցիալական ծառայությունը և համայնքային սոցիալական աշխատողները, որոնց կողմից գնահատված, սննդի կարիք ունեցող ընտանիքներին պահեստները կտրամադրեն աջակցություն։ Ծառայության կայացումից հետո՝ հեռանկարում այն պետք է համայնքահենք դառնա, իսկ պետության կողմից տրամադրվի միայն դրամական աջակցություն՝ սննդային քարտերի տեսքով»,- նշել է Աննա Ժամակոչյանը։
Ելենա Միլոշևիչն իր հերթին կարևորել է համագործակցության շրջանակում սահմանված առանցքային հիմնահարցերի ուղղությամբ աշխատանքը և ընդգծել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին անհրաժեշտ սննդով ապահովելու, նրանց խնդիրներին արագ արձագանքելու կարևորությունը․ «Օրակարգի ձևավորումն ու անելիքների հստակեցումը թույլ կտա անցնել համագործակցության գործնական փուլին։ Վստահ եմ՝ այն ինչ նախատեսում ենք և այն ինչ նախանշել ենք՝ իրատեսական է և իրագործելի»։
Հանդիպման ընթացքում վերահաստատվել է համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման գործում անհրաժեշտ ռեսուրսների ու ջանքերի ներդրման պատրաստակամությունը։
Կարծիքներ