ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նուլանդը ժամանել է Ռուսաստան
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը ժամանել է Ռուսաստան, որտեղ բանակցություններ կվարի ռուսաստանցի պաշտոնյաների հետ՝ հաղորդում է РИА Новости-ն:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը Մոսկվայում կմնա մինչև հոկտեմբերի 13-ը: Նուլանդին դիմավորել է Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Սալիվանը: Նախատեսված է պետքարտուղարի տեղակալի հանդիպումը Ռուսաստանի ԱԳՆ-ում՝ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ, ինչպես նաև այլ գերատեսչություններում:
Որպես ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդն ակտիվ մասնակցություն է ունեցել Ուկրաինայի Եվրամայդանին՝ բողոքի ակցիաների ընթացքում հաճախակի այցելելով Կիև: 2019 թվականից նա Մոսկվայի սև ցուցակում էր, նրան արգելվել էր մուտք գործել Ռուսաստանի տարածք: Ռուսական իշխանությունները համաձայնել են Նուլանդի այցին Մոսկվա այն բանից հետո, երբ Վաշինգտոնը խոստացել է ռուսներից մի քանիսին հանել պատժամիջոցների ցուցակներից:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նախատեսել է Մոսկվայում բարձրացնել Դոնբասում իրավիճակի կարգավորման շուրջ երկկողմ հերթական հանդիպումների վերսկսման հարցը:
Մինչև 2019 թվականը Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը խորհրդակցություններ էին անցկացնում նման ձևաչափով: Այդ ժամանակ Մոսկվան ներկայացնում էր նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը, իսկ Վաշինգտոնը` Ուկրաինայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարության հատուկ բանագնաց Կուրտ Վոլկերը:
Կարծիքներ