Բլոգեր Արթուր Չախոյանի պնդումը, թե գործող Կառավարությունը վաճառել է «Կոնյակ» առևտրային նշանը, սուտ է

Բլոգեր Արթուր Չախոյանի պնդումը, թե գործող Կառավարությունը վաճառել է «Կոնյակ» առևտրային նշանը, սուտ է

Ընդդիմադիր բլոգեր Արթուր Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է, որ մինչև 2021 թվականը «Կոնյակ» առևտրային նշանը պատկանել է Հայաստանի Հանրապետությանը, որը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վաճառել է Ֆրանսիային 3 միլիոն եվրոյով:

Չախոյանն այս ենթադրություններն արել է՝ հղում անելով 2021 թվականին կառավարության նիստի ժամանակ համաձայնագրի վավերացման մասին լրատվամիջոցների հրապարակումներին:

«Կառավարության Եվրոպական միությունը ֆինանսավորման նոր համաձայնագրով ՀՀ-ին 3 միլիոն եվրո գումար կտրամադրի, որով Հայաստանը պետք է կազմակերպի հայկական կոնյակի համար «կոնյակ» անվանման կիրառության դադարեցումը, մշակի հայկական խմիչքի համար նոր բրենդ, գովազդի ու խթանի դրա կիրառությունն ու տարածումը, ինչպես նաեւ կազմակերպի հայկական նոր բրենդի դիրքի ու մրցակցության պահպանումն արտաքին շուկայում։

ՀՀ կառավարությունը 13.05.2021թ. նիստում համաձայնություն է տվել Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ ֆինանսավորման այդ նոր համաձայնագրի ստորագրմանը եւ ֆինանսների նախարարի պաշտոնակատարին պատվիրակել կազմակերպել դրա նախապատրաստումը։

Նշենք, որ «կոնյակ» անվանումից հրաժարվելու պահանջը նախատեսված է 2017-ի նոյեմբերի 24-ին ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրով, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021-ի մարտի 1-ից։ Նույն համաձայնագրով նախատեսվում է հրաժարվել նաեւ «շամպայն» անվանումից։

«Կոնյակ» եւ «շամպայն» անվանումներից հրաժարվելու եւ նոր անվանումներ ընտրելու համար Հայաստանին ժամանակ է տրվել մինչեւ 2043 թվականը»,- ասվում է լրատվամիջոցի հրապարակման մեջ:

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել Էկոնոմիկայի նախարարություն, որտեղից մեզ հայտնել են, որ դեռևս 2017թ.-ի նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրվել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (CEPA)։ Համաձայնագրում սահմանված է, որ կողմերը պետք է փոխադարձաբար պահպանեն համապատասխանաբար ԵՄ-ում և ՀՀ-ում գրանցված աշխարհագրական նշումները։

«Համաձայն 2017-ին ստորագրված համաձայնագրի՝ ՀՀ-ն պարտավորվում է որոշակի անցումային ժամանակաշրջանից հետո դադարեցնել հայկական արտադրանքների վրա ԵՄ կողմից պաշտպանվող աշխարհագրական նշում համարվող «Կոնյակ» անվանման օգտագործումը։

Համաձայնագրում նախատեսված է նաև, որ ՀՀ-ից ծագող ապրանքների համար «Կոնյակ» աշխարհագրական նշման օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցումը խթանելու համար ՀՀ-ին է տրամադրվում է 2.9 մլն եվրո տեխնիկական և ֆինանսական աջակցություն, որի իրականացումը մեկնարկել է 2024թ․ նոյեմբերին»,- ասվում է պատասխանում:

Այսպիսով՝ բլոգեր Արթուր Չախոյանի պնդումները, թե Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը 3 միլիոն եվրոյով վաճառել է «Կոնյակ» ապրանքային նշանը, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը: Չախոյանը միտումնավոր կամ չհասկանալով խեղաթյուրում է փաստերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում