Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

Իրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, սակայն կա վստահության խնդիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։
«Ես հավատացած եմ, որ մենք հեշտությամբ կարող ենք լուծել ԱՄՆ-ի հետ մեր տարաձայնությունները և հակասությունները երկխոսության և բանակցությունների միջոցով», - ասել է Փեզեշքիանը։
Նա հավելել է, որ միջազգային օրենքը հիմք կհանդիսանար համաձայնագրի համար, որով կհարգվեին իրանցի ժողովրդի իրավունքները, սակայն, ըստ Փեզեշքիանի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոչնչացրեց դիվանագիտական ջանքերը։
«Մենք խնդիր չենք տեսնում բանակցությունների վերսկսման մեջ: Բայց մինչ այդ պետք է հիշեցնեմ, որ ոչ միայն իմ երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի դեմ սիոնիստական վարչակարգի՝ Իսրայելի վայրագությունների պատճառով մենք այժմ կանգնած ենք ճգնաժամի առաջ, մարդիկ կանգնած են ճգնաժամի առջև, որը պետք է հաղթահարեն….», - ասել է Իրանի նախագահը՝ հիշեցնելով, որ իսրայելական հարվածներից բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվել։
Նա նշել է, որ բանակցությունների վերսկսման համար կա մեկ պայման՝ վստահությունը։
«Ինչպե՞ս ենք մենք կրկին վստահելու Միացյալ Նահանգներին։ Մենք կվերադառնանք բանակցություններին, բայց հետո ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ բանակցությունների ընթացքում Իսրայելի ռեժիմին թույլ չեն տա կրկին հարձակվել մեզ վրա», - նշել է Իրանի նախագահը։
Հարցազրույցի ընթացքում Փեզեշքիանը կրկնել է, որ Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ունենալ և բանակցում էր ԱՄՆ-ի հետ, երբ Իսրայելը հունիսի 13-ին սկսեց հարվածել իր միջուկային օբյեկտներին, որից հետո նրան միացավ նաև ԱՄՆ-ն։ Իրանի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի հարվածներից հետո միջուկային օբյեկտները և այնտեղ գտնվող սարքավորումների մեծ մասը լրջորեն վնասվել են, հետևաբար, իրենք չեն կարող գնահատել այդ վնասը։
Կարծիքներ