«Այդ որոշմանը նախորդել է պատերազմի դադարեցման ուղիների որոնման երկարատև և լարված գործընթաց»․ Պեսկովը՝ ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման որոշման մասին
Լեռնային Ղարաբաղի տարածք ռուս խաղաղապահների տեղակայման որոշմանը նախորդել է պատերազմի դադարեցման ուղիների որոնման երկարատև և լարված գործընթաց, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։
Պեսկովի խոսքով՝ «դա պատերազմի դադարեցման և գործընթացը քաղաքական-դիվանագիտական հուն տեղափոխելու ուղիների որոնման լարված գործընթացի արդյունք է եղել»։
«Բարդ գործընթաց է, և այն ամենը, ինչ պետք էր պատմել, պատմվել է։ Ոչ ավելին», - ասել Է Պեսկովը լրագրողներին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»,- ասել է նա:
Կարծիքներ