Ռուսական կողմը կասկածի տակ է դնում Լեհաստանի անդամակցությունը ԵԱՀԿ-ին
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ռուսական պատվիրակության անդամ, Ղրիմից ընտրված սենատոր Օլգա Կովիտիդին մեկնաբանել է Վարշավայից Ուկրաինա զենքի և զինուժի մատակարարումների մասին հայտարարությունը։
«Այս ամենը հիմք է տալիս քննարկելու ոչ միայն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը Լեհաստանի անդամակցությունը անթույլատրելի ճանաչելու, այլև այս երկրի ԵԱՀԿ-ին անդամակցելու հարցը»,- ասել է Կովիտիդին Ռիա Նովոստիին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ Լեհաստանի գործողությունները հակասում են Հելսինկյան համաձայնագրին, որը համարվում է ԵԱՀԿ հիմնադիր փաստաթուղթը։
Լեհաստանից Ուկրաինա զենքի մատակարարման մասին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիցկին հայտնել է փետրվարի 4-ին։
Փետրվարի 2-ին Լեհաստանի կառավարությունը Ուկրաինային օգնելու մասին որոշում է ընդունել, որով նախատեսվում է Ուկրաինա ուղարկել Piorun զենիթահրթիռային համակարգեր և անօդաչուներ։
Լեհաստանի նախկին արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին քննադատել էր Գերմանիային, որը հրաժարվել է Ուկրաինա զենք ուղարկել։
Նա պահանջել էր, որ Բեռլինը երկրի անվտանգության հարցերին լուրջ մոտեցում ցուցաբերի։
Սիկորսկին նշել է, որ Ուկրաինայում իրավիճակի սրմանը զուգահեռ Կիևին զենք են ուղարկել բրիտանացիները, ամերիկացիները և այն երկրները, որոնք Ռուսաստանին սահմանակից են։
Իսկ փետրվարի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը նոր ալյանս կձևավորեն։ Նա նշել էր, որ իր երկիրը բարձր է գնահատում իրենց ցուցաբերված աջակցությունը։
Արևմտյան քաղաքական գործիչները և ԶԼՄ-ները շարունակում են պնդել, որ Ռուսաստանը Ուկրաինայի նկատմամբ հարձակում է նախապատրաստում։
Կարծիքներ