Պատգամավորները կրկին բանավիճեցին 2010-ին ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքի առնչությամբ
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր և իշխանական պատգամավորները կրկին բանավիճեցին 2010-ին ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքի առնչությամբ: ԱԺ նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացնում էր օրենքի նախագիծը:
«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը նշեց, որ Տերտերյանը ոչ միայն հեղինակել է Վարչատարածքային բաժանման մասին օրենքն՝ իր բոլոր փոփոխություններով, այլ նաև եղել է պատասխանատու այդ դիրքում:
«Դուք նաև լսել եք մեղադրանքները այդ օրենքի այն ձևակերպումների մասով, թե իբր այդ օրենքով նկարագրված են ՀՀ պետական սահմանները՝ այդ թվում Ադրբեջանի հետ: Դուք այդ տեսակետին կո՞ղմ եք, թե՞ ինքներդ էլ կարծում եք, որ այդ օրենքով չէր կարող ՀՀ պետական սահմանի հարց քննարկվել»,-հարցրեց Մինասյանը:
Տերտերյանն էլ ասաց. «Ես չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են Վարչատարածքային բաժանման մասին օրենքով: Ոչ ոք նման բան չի ասել, համենայնդեպս իմ հիշողության մեջ նման բան չկա՝ և հին և նոր ժամանակաշրջաններում»:
Արթուր Խաչատրյանը Տերտերյանից շնորհակալություն հայտնեց անկեղծության համար:
ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանն իր ելույթում անդրադարձավ կրկին Վարչատարածքային բաժանման մասին օրենքին:
«Արդեն որերորդ անգամ լսում ենք, թե ինչպես է ընդդիմությունը խոսում 2010-ին ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքի մասին: Նրանք չեն ժխտում, որ ընդունել են այդ օրենքը, չեն ժխտում, որ նստել են այստեղ, կողմ են քվեարկել, որ Շուռնուխից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է: Նրանք ասում են, որ դրանով պետական սահմանը չի որոշվում: Չի որոշվում՝ գրեիք Շվեյցարիան է գտնվում: Կարծում եք ՀՀ քաղաքացիներին կարելի՞ է այդպես մոլորեցնել»,-ասաց նա:
Գեղամ Մանուկյանն այս հարցով ևս ելույթ ունեցավ՝ իշխանությանը մեղադրելով դավաճանության մեջ, Արցախից հակառակորդին տարածքներ տալու մեջ: Դրան արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Երբ «իքս» պատգամավորը քվեարկում է «իքս» նախագծին, որում գրված է «իքս» բանը, նշանակում է, որ այդ պատգամավորը համաձայն է այդ պնդման հետ, որը գրված է նախագծում: Հիմա մեր հարգելի գործընկերներից շատերը կամ նրանց ներկայացրած քաղաքական ուժը, այսինքն՝ ՀՅԴ-ի պատգամավորները, ժամանակին քվեարկել են մի նախագծի օգտին, որում սևով սպիտակի վրա գրված է, որ սահմանից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է: Հիմա մեր ասածն այս է՝ ձեր ասածներն ու արածները չեն համապատասխանում: Տրամաբանական չէ, որ նույն քաղաքական ուժը մի օր քվեարկում է մի պնդման կողմ, որն ասում է, որ Սյունիքում սահմանից այն կողմ Ադրբեջանն է, հետո գալիս ասում է՝ դավաճանաբար հանձնվեցին հայկական բնակավայրեր»,-ասաց նա:
Ռուբինյանը շեշտեց՝ ոչ ոք չի պնդել, որ սահմանը որոշվում է Վարչատարածքային բաժանման մասին օրենքով, պնդումն այլ է՝ այն պատգամավորները, որոնք ժամանակին քվեարկել են այդ նախագծի օգտին, նաև քվեարկել են դրանում ներառված պնդման կողմ:
Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ այդ օրենքի փոփոխությունների քվեարկությանը ինքը պատգամավոր է եղել և կողմ է քվեարկել առանձին դրվագներում:
«Ինչպես հետագայում կողմ է քվեարկել նաև Նիկոլ Փաշինյանը՝ որպես պատգամավոր: Որևէ մեկի մտքով որևէ ձևով չի կարող անցնել և միջազգային իրավունքում չկա որևէ օրինակ, որ մեր Վարչատարածքային օրենքը հիմք հանդիսանա արտաքին սահմանների համար»,-ասաց նա:
Դրան ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, որ Վարչատարածքային բաժանման մասին օրենքում առաջին անգամ լրացումներ արվել են 2009-ի հոկտեմբերին:
«Չեմ հասկանում, թե ոնց կարող էր այն ժամանակ պատգամավոր չեղած Նիկոլ Փաշինյանը կողմ քվեարկեր այդ լրացումներին»:
Կարծիքներ