Պատերազմի մասնակից 30 զինծառայողներ կվերապատրաստվեն․ լավագույն 5-ը դասընթացները կշարունակեն Ֆրանսիայում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Գրանթ Թորնթոն Հայաստան կազմակերպության պատվավոր նախագահ, Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանի և նույն խորհրդի անդամ Արման Փինարբասիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին և հետագա համագործակցության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերապատրաստման դասընթացներ կազմակերպել պատերազմի մասնակից 30 զինծառայողի համար, իսկ լավագույն արդյունք գրանցած 5 մասնակցի հնարավորություն տալ դասընթացները շարունակել Ֆրանսիայում։
Բարձր գնահատելով կազմակերպության հետ 2021 թ․ ապրիլից սկսված համագործակցությունը՝ նախարարը նշել է, որ ֆրանսիական մի շարք կազմակերպությունների հետ ևս այս պահին աշխատանքներ են տարվում ՝ քաղաքացիների համար կայուն զբաղվածություն ապահովելու, փորձագիտական աշխատանքների, փորձի փոխանակման, նոր ծրագրերի ու նախաձեռնությունների մշակման ուղղությամբ։
Դանիել Քյուրքջյանի խոսքով՝ նախարարության և Գրանթ Թորնթոնի միջև եղած բազմաոլորտ համագործակցության շրջանակում փորձի փոխանակումից և մասնագիտական աջակցության տրամադրումից զատ, կազմակերպությունն էլ իր հերթին հնարավորություն է ունենում գտնել որակյալ մասնագետների։
Կարծիքներ