Սրբուհի Գալյանը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչը քննարկել են անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումները

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին: Երկուստեք դրական է գնահատվել ամենօրյա ռեժիմով արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Ներկայացվել են 2025 թ. նախարարության առաջնահերթությունները, որոնք համընկել են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ծրագրային առաջնահերթությունների հետ։ Անդրադարձ է արվել անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ մասնավորապես անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի աշխատանքերին, ինչպես նաև Բարնահուս կենտրոնների ստեղծմանն ու զարգացմանը։ Այս համատեքստում Արդարադատության նախարարությունը մշտապես ունեցել է UNICEF-ի աջակցությունը:
Նախարարը կարևորել է Բարնահուս կենտրոնների պատշաճ գործունեության ապահովումը՝ մասնավորապես գործող 2 կենտրոնի արդյունավետ օգտագործումը քննչական մարմինների կողմից, ինչպես նաև այլ մարզերում կենտրոնների ստեղծումը: Նա առաջարկել է շարունակել հոգեբանների և քննիչների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացները: Հիշեցնենք, որ տուժող և վկա երեխայի հարցաքննության կազմակերպման գործընթացում երեխայակենտրոն մոտեցումների և պայմանների ապահովման միջոցառումների կազմակերպման նպատակով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացվել է «Բարնահուսի մոդելի կիրառման նպատակով մասնագետների՝ հոգեբանների և քննիչների կարողությունների զարգացում» վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է ընդհանուր 120 մասնագետ՝ քննիչ, դատախազ, որակավորված հոգեբան, սոցիալական աշխատող և այլ մասնագետներ:
Հանդիպմանն առաջարկ է հնչել աջակցել նախարարությանը քննչական գործողություններում ներգրավված հոգեբանների գործունեության, կարողությունների զարգացման մեխանիզմների մշակման հարցում:
Գործընկերների քննարկման առարկա է դարձել նաև քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անչափահասների կրթության ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը:
Հանդիպման ավարտին կարևորվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից արդարադատության ոլորտի նոր ծրագրերի աջակցությունը։
Կարծիքներ