Եվրոպական առաջնորդները Լոնդոնում կքննարկեն, թե անվտանգության ինչ երաշխիքներ կարող են առաջարկել Ուկրաինային

Եվրոպական առաջնորդները Լոնդոնում կքննարկեն, թե անվտանգության ինչ երաշխիքներ կարող են առաջարկել Ուկրաինային

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մարտի 2-ին Լոնդոնում կհյուրընկալի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և եվրոպական ավելի քան մեկ տասնյակ առաջնորդների՝ քննարկելու անվտանգության երաշխիքները, որոնք Եվրոպան կարող է առաջարկել Ուկրաինային Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարի դեպքում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։ 

Ինչպես հաղորդել է Bloomberg-ը, հավաքը հնարավորություն կտա Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իրենց դաշնակիցներին ներկայացնել Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իրենց ունեցած հանդիպումների արդյունքները, որոնց ժամանակ նրանք փորձել են համոզել Թրամփին խոստանալ ԱՄՆ-ի ռազմական աջակցությունն այն դեպքում, եթե Մոսկվան ապագայում խախտի պոտենցիալ խաղաղության պայմանագիրը։ 

Սթարմերը Լոնդոն է հրավիրել նաև Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Թուրքիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Չեխիայի և Ռումինիայի ղեկավարներին։ 

Նախատեսվում է, որ հավաքին կմասնակցեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ 

Մեծ Բրիտանիայի վարչապետն առանձին հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում