«Նուբարաշեն» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ հայտնաբերել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ

«Նուբարաշեն» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ հայտնաբերել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, 2022թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Կ․ Մ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Հ․ Դ․-ին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։

Վերջինիս մոտից ոչինչ չեն հայտնաբերել։ Այնուհետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին թաքցրած տեղից ծառայողներին է ներկայացրել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված օվալաձև 1 փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 6․7 և 17․2 գրամ ընդհանուր քաշերով դեղնականաչավուն բուսական զանգվածներ, «PGN 150» գրառմամբ 8 դեղապատիճ և «B8» գրառմամբ 1 դեղահաբ։

Քաղաքացին բանավոր հայտարարել է, որ թմրամիջոցներին նմանվող զանգվածները քրեակատարողական հիմնարկ էր բերել՝ կալանավորված անձին փոխանցելու համար։

Քաղաքացի Հ․ Դ․-ն անմիջապես ձերբակալվել է և տեղափոխվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում