Կիրականացվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման գործընթացները
Կառավարությանը վերապահվել է լիազորություն՝ իրականացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման գործընթացները՝ սահմանելով դրանց առանձնահատկությունները․ Ազգային ժողովը 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով այսօր ընդունել է «Պետական կենսաթոշակների մասին» ու «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Ըստ այդմ, նախատեսվում է ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառել Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերված աշխատանքային և այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները․ կսահմանվեն նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները։
Կառավարությանը վերապահվում է նաև փախստականի կարգավիճակ ունեցող անձանց՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ վարելու կարգի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը: Այսինքն՝ այս դեպքում հնարավորություն կտրվի Լեռնային Ղարաբաղում նշանակված կենսաթոշակները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակել առցանց դիմումի հիման վրա՝ առանց ստաժը վերահաշվարկելու։
Փոփոխությունները հնարավորություն կտան կարգավորել նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգերում ծառայած անձի, քրեակատարողական ծառայողի և դատական ակտերի հարկադիր կատարողի զինվորական կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող ընթացակարգերը։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զինպարգևավճարներ և պատվովճարներ նշանակելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, որի կարգավորումը ևս ներառված է նախագծերի փաթեթում։
Օրենքով Կառավարությանը տրված լիազորությունների շրջանակում կհստակցվեն և կպարզեցվեն նաև երեխայի ծննդյան միանվագ ու խնամքի նպաստների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների իրավունքի իրացման ընթացակարգերը։
Կարծիքներ