Հոբելյանական համերգներ և մշակութային համագործակցությանն ուղղված քննարկումներ՝ Մոսկվայում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 13-15-ը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում՝ մասնակցելու Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում՝ սեպտեմբերի 13-ին, նախարարի տեղակալը հանդիպել է Ռուսաստանի ազգային երաժշտության թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Բրիզգալովի հետ: Քննարկվել են Առնո Բաբաջանյանին նվիրված ցուցադրության, 2022 թվականին Ռուսաստանում կայանալիք «Հայկական մշակույթի օրերի» կազմակերպման և թանգարանի բացառիկ հավաքածուները հայկական նվագարաններով համալրելու ծրագրերը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ա. Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» նախաձեռնությամբ Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում սեպտեմբերի 11-ին կայացել է մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ: Հնչել են Ա. Բաբաջանյանի դասական ստեղծագործությունները: Համերգին մասնակցել են հայ և ռուս երաժիշտներ: Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Ա. Բաբաջանյանի հոբելյանական տարում միջոցառումների կազմակերպման համար նախարարի տեղակալը պարգևատրվել է Առնո Բաբաջանյանի հոբելյանական մեդալով:
Կարծիքներ