Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ քրգործ է հարուցվել սեռական ոտնձգությունների և ծեծի համար

Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ քրգործ է հարուցվել սեռական ոտնձգությունների և ծեծի համար

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միխայիլ Խաչատուրյանի դեմ, որի սպանության մեջ մեղադրվում են նրա երեք դուստրերը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով փաստաբանին։

Գործը հարուցվել է Խաչատուրյան քույրերին ծեծելու և նրանց նկատմամբ բռնի սեռական ոտնձգություններ կատարելու մասին հոդվածով։

Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։

Քննչական տվյալների համաձայն՝ քույրերից կրտսերը՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիան, հորը դանակի մոտ 35 հարված է հասցրել։ Մյուս երկու աղջիկները՝ Քրիստինան (ավագ քույրը) և Անգելինան (միջնեկը) հարվածներ են հասցրել հոր գլխին, իսկ դեմքին գազային ցողիչ են փչել։

Ավելի ուշ հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը հաստատեց, որ տղամարդը հոգեկան խանգարումներ է ունեցել։ Համացանցում տեսագրություն հայտնվեց, որտեղ հայրը հոգեբանական բռնության է ենթարկում դուստրերին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տարիներ շարունակ Խաչատուրյանը պարբերաբար ծեծել է դուստրերին և «սեռական բռնություն է գործադրել», իսկ աղջիկները գործել են` ելնելով անհրաժեշտ ինքնապաշտպանությունից։

Կրտսեր քրոջը՝ Մարիային, անմեղսունակ են ճանաչել։ Սպանված Միխայիլ Խաչատուրյանի ազգականները և տուժած կողմի փաստաբանները հայտարարել են, որ կասկածում են, թե աղջիկն անմեղսունակ է։

Փաստաբան Ալեքսեյ Պապյոնովը նշել է, որ «տուժողների կողմը պնդում է, որ դա նախնական պայմանավորվածությամբ սպանություն է եղել՝ կազմակերպված հանցախմբով»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում