Վարչապետը Արարատում ծանոթացել է մարզում 2023 թվականին իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Արտաշատ համայնքում, որտեղ նրան ներկայացվել են Դալար գյուղական բնակավայրում Կառավարության աջակցությամբ «Էլարթ Ագրո» ընկերության կողմից ինտենսիվ այգու հիմնման ծրագիրը: Ընկերությունն իրականացրել է ավելի քան 400 մլն դրամի ներդրում, Կառավարությունը ներդրողին վերադարձրել է շուրջ 119 մլն դրամ: Արդյունքում հիմնվել են 10 հա կեռասի և դեղձի այգիներ:
Հաջորդիվ վարչապետին ներկայացվել է Արարատի մարզի պատմական Արտաշատ մայրաքաղաքի հուշարձանախմբի պահպանության և զարգացման հայեցակարգի առաջարկը: ԿԳՄՍ նախարարության պատվերով Արտաշատը պեղող հնագիտական արշավախմբի կողմից մշակվել է պատմական Արտաշատ մայրաքաղաքի հուշարձանախմբի պահպանության և զարգացման հայեցակարգի առաջարկ: Նախարարության պատվերով 2024-2025 թթ. տարածքում կառուցվելու է նաև տիպային տեղեկատվական կենտրոն՝ իր ենթակառուցվածքներով: Ըստ հայեցակարգի՝ նախատեսվում են նոր պեղումներ, ամրակայման, նորոգման, վերականգնման աշխատանքներ արդեն պեղված հատվածներում: Հայեցակարգով նախատեսվում են նաև հայրենաճանաչողական կրթական ծրագրեր: Իրականացվելու է նաև Հին Արտաշատ մայրաքաղաքի գետամերձ հատվածը քաղաքացիներին ու զբոսաշրջիկներին հասանելի դարձնելու ծրագիր:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրում ծանոթացել է Կառավարության սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակներում կառուցվող անհատակ բնակելի տան շինհրապարակ՝ ծանոթացել աշխատանքների ընթացքին: Շահառուն շնորհակալություն է հայտնել Կառավարության նման նախաձեռնության համար՝ ընդգծելով, որ 16 միլիոնի ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև Պարույր Սևակում: Ծրագրի շրջանակում Երասխում կա հաստատված 76 հայտ, որից 32-ը վարկավորված է ու շինարարության փուլում, Պարույր Սևակում՝ 69 հաստատված, որից 7-ը վարկավորվել է: Գյուղի բնակիչների հետ զրույցում վարչապետը քննարկել է նաև առկա խնդիրները: Առաջնահերթ է համարվել ջրի հարցը և Կառավարության առաջիկա քայլերը կուղղվեն այդ խնդրի լուծմանը:
Կառավարության ղեկավարին ներկայացվել են Պարույր Սևակ բնակավայրում «Կապանտեքս» կարի ֆաբրիկայի հիմնման աշխատանքները: Ծրագրի շրջանակում ներդրողը կատարել է շուրջ 700 հազար դոլարին համարժեք ներդրում։ Ընդհանուր առմամբ, կստեղծվի 50 նոր աշխատատեղ։ Արտադրանքը հիմնականում նախատեսվում է արտահանել։ Ներկայումս կառուցվել են երկու արտադրական անգարներ, նախատեսվում է ևս երկուսի գործարկումը։ Տարածքը բարեկարգված է, անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ ձևավորված։
Պարույր Սևակում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է նաև ներհամայնքային ճանապարհ: Ծրագրի արժեքը 50 մլն դրամ է, որից 27 մլն-ը հատկացրել է Կառավարությունը: Գյուղում կառուցվում է նաև նոր դպրոց:
Արարատ համայնքի Երասխ բնակավայրում վարչապետը ծանոթացել է մարզադպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 173 մլն դրամ, որից 112 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Աշխատանքները կավարտվեն այս տարի: ։
Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Արարատ համայնքի Արարատ գյուղական բնակավայրում, որտեղ ներկայացվել է մետաղաձուլական գործարանի կառուցման ընթացքը: «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը Հայաստանում հիմնադրում է պողպատի արտադրությամբ զբաղվող գործարան, որի սկզբնական արտադրողականությունը կազմում է 112.800 տոննա տարեկան: Սկզբնական շրջանում գործարանը կունենա 300 աշխատակից, սակայն 3 տարվա ընթացքում հիմնական աշխատակիցների թիվը կավելանա՝ հասնելով 700-ի: Սկզբնական ներդրումը կազմում է 30 միլիոն դոլար: Ձեռք կբերվեն Էլեկտրոթերմի արտադրության 2 ինդուկցիոն վառարանները և շարունակական գլոցման մեքենա: Երկու վառարաններից յուրաքանչյուրի տարողությունը 25 տոննա է: Վերջնական արտադրանքը ներառում է պողպատե ամրաններ, խողովակներ, աղացման գնդեր, տաք և սառը գլանվածքով պարույրներ: Նախատեսվում է, որ գործարանը լիարժեք կգործարկվի և պատրաստի արտադրանք կունենա մինչև 2024 թվականի վերջ:
Մարզային այցի շրջանակում վարչապետը ծանոթացել է նաև Արարատ քաղաքի ճանապարհների վերանորոգման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 77 մլն դրամ, որից 42 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է մոտ 1 կմ ճանապարհ։
Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև Արարատ բնակավայրում մարզադպրոցի կառուցման ընթացքը: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 353 մլն դրամ, որից 229 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։
Վարչապետն այցելել է «Երևանի կոնյակի գործարան» ընկերության Այգավանի մասնաճյուղ: Պատասխանատուները նշել են, որ գործարանը 2023 թ. մթերել է 29560 տոննա խաղող, որից 10521,5 տոննան Այգավանի մթերման կետում: 2024 թ. նախատեսվում է մթերել ավելի քան 32000 տոննա խաղող, որից 12000 տոննան Այգավան մասնաճյուղում: Վարչապետը կարևորել է որակյալ կոնյակի արտադրությունը մեր երկրում և ընդգծել խաղողի մթերման գործընթացի արդյունավետ կազմակերպման կարևորությունը:
Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Այգավան բնակավայրի խմելու ջրագծի կառուցման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 385 մլն դրամ, որից 230 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է շուրջ 26,6 կմ նոր ջրագիծ։ Ծրագրի շահառու է շուրջ 1241 տնտեսություն։
Վարչապետը ծանոթացել է նաև Այգավան բնակավայրում մասնավոր հատվածի կողմից խելացի անասնաշենքի կառուցման աշխատանքներին: Ներդրվել է շուրջ 900 մլն դրամ: Կառուցվել է նոր անասնաշենք, առկա է 135 գլուխ ԽԵԿ:
Աշխատանքային այցի շրջանակում վարչապետին ներկայացվել են Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրում դպրոցի կառուցման աշխատանքները: Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով և ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ 400 մլն դրամ: Արդյունքում բնակավայրը կունենա նորակառույց դպրոց: Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Շինարարական աշխատանքները սկսվել են 2023թ., իրականացվում են հիմնային աշխատանքներ։
Կառավարության ղեկավարին ներկայացվել են նաև Ուրցաձորի Տափի բերդի պարիսպներին կից օժանդակ շինությունների վերականգնման աշխատանքները: Տափի բերդը և եկեղեցին վերականգնվել են 2008-2009 թթ.։ Պարիսպներին կից կառույցները կիսատ են մնացել, ամրոցը չունի զբոսաշրջային ենթակառուցվածք: Կառավարության որոշմամբ ս. թ. օգոստոս ամսին հատկացվել է մոտ 5 մլն դրամ՝ եկեղեցու հարավային հատվածի պեղումների, բերդի պարիսպներին կից օժանդակ շինությունների վերականգնման, ավտոկայանատեղի կառուցման գիտանախագծային փաստաթղթերի կազմման համար: Պեղումների և նախագծային փաթեթի կազմելու նպատակով կսահմանվի 12 ամիս ժամկետ: Այժմ շրջանառվում է Կառավարության համապատասխան որոշման նախագիծ, և ամրոցը շուտով կստանա արգելոց-թանգարանի կարգավիճակ, որից հետո հնարավոր կլինի տարածքում կառուցել նաև տիպային տեղեկատվական կենտրոն, որի նախագիծը մշակվել է 2023 թ.:
Վարչապետը հաջորդիվ ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքներին, որն արդեն իսկ պատրաստ է ջուր ամբարել: Զրոյական մակարդակից կառուցվող ջրամբարի տարողությունը 29 մլն խմ է: Ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 90 մլն եվրո է։Վեդու ջրամբարի իշխման տակ են գտնվում ավելի քան 3220 հա ոռոգելի հողատարածքներ։
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանին նաև ներկայացվել է Վեդի համայնքի Արալեզ բնակավայրի փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 148 մլն դրամ, որից Կ81 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Ծրագրի արդյունքում բնակավայրը կունենա 2,1 կմ հիմնանորոգված ճանապարհ:
Արալեզ բնակավայրում Կառավարության ղեկավարը ծանոթացել է նորակառույց մանկապարտեզում ստեղծված պայմաններին: Ծրագրի արժեքը կազմել է 882 մլն դրամ, որը հատկացրել է Կառավարությունը: Նորակառույց մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար:
Վարչապետին են ներկայացվել Արտաշատի ավագ դպրոցի վերակառուցման աշխատանքները: Ծրագրի արժեքը 1 մլրդ 238 մլն դրամ է: Արդյունքում Արտաշատի ավագ դպրոցը կունենա վերակառուցված 462 տեղ հզորությամբ դպրոց: Շինարարական աշխատանքները սկսվել են 2023թ., վերակառուցվում են հիմնահարկերը։
Արտաշատի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքների ընթացքն է նաև ներկայացվել Նիկոլ Փաշինյանին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 306 մլն դրամ: Արդյունքում Արտաշատի պոլիկլինիկան կունենա վերակառուցված և սեյսմազինվածությունը բարձրացված շենք: Շինարարական աշխատանքները սկսվել են 2023թ., այժմ ընթացքի մեջ են ամրացման աշխատանքները։
Վերին Դվին համայնքում վարչապետը հանդիպում է ունեցել բնակչության հետ՝ ծանոթացել նրանց հուզող հարցերին և խնդիրներին:
Մարզային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Արտաշատ համայնքի Վարդաշեն, Մրգանուշ բնակավայրերի փողոցների նորոգման, ասֆալտապատման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 90 մլն դրամ, որից 31 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է շուրջ 1,1 կմ ճանապարհ (Վարդաշեն բնակավայր՝ 0,5 կմ, Մրգանուշ բնակավայր՝ 0,6 կմ):
Արտաշատ համայնքում վարչապետը ծանոթացել է Դալար բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 24 մլն դրամ, որից 14 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 0,846 կմ ոռոգման համակարգ։
Դալար բնակավայրի փողոցների նորոգման, ասֆալտապատման աշխատանքները ևս ներկայացվել են Կառավարության ղեկավարին: Սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 71 մլն դրամ, որից 25 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է շուրջ 0,6 կմ ճանապարհ։
Վարչապետը ծանոթացել է (նախկին Մ-15) Հ-61, /Մ-4/ (Վերին Պտղնի) - Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանի շրջանց) միջպետական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք ավարտվել են: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 1 մլրդ 479 մլն դրամ, որը հատկացրել է Կառավարությունը: Ճանապարհի երկարությունը 9.5 կմ է:
Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Մասիսի նորակառույց թիվ 5 ավագ դպրոցում ստեղծված պայմաններին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, արժեքը 795 մլն դրամ է: Մասիսի ավագ դպրոցը նախատեսված է 288 աշակերտի համար:
Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Մասիս քաղաքի փողոցների նորոգման ընթացքը: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 321 մլն դրամ, որից 112 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Հիմնանորոգվող ճանապարհների երկարությունը կազմում է շուրջ 2,34 կմ, դեռևս հիմնանորոգվել է 1,64 կմ, աշխատանքներն ընթացքի մեջ են:
Վարչապետի մարզային այցի վերջին կանգառը եղել է Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրում, որտեղ ներկայացվել է դպրոցի կառուցման ընթացքը: Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով և ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ 423 մլն դրամ: Արդյունքում բնակավայրը կունենա նորակառույց դպրոց: Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար:
Արարատի մարզում վարչապետ Փաշինյանն ունեցել է նաև մի շարք չնախատեսված կանգառներ, որոնց ընթացքում զրուցել է բնակիչների հետ՝ ծանոթացել խնդիրներին և պատասխանել տարբեր հարցերի:
Կարծիքներ