«Դուք արդեն ապացուցել եք, որ մեծ նվաճումների հասնելու ներուժ ունեք». Կարեն Գիլոյանը հանդիպել է շախմատիստների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է գրոսմայստերներ Շանթ Սարգսյանին, Հայկ Մարտիրոսյանին և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանին:
Նրանց ուղեկցել է Հայաստանի շախմատի ակադեﬕայի գործադիր տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վարդուհի Սարգսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ շախմատը մշտապես պետության ուշադրության կենտրոնում է, և այժմ Կառավարությունն աշխատում է տեխնիկական հագեցվածության խնդիրները կարգավորելու ուղղությամբ.
«Դուք արդեն ապացուցել եք, որ կարող ուժ եք և մեծ նվաճումների հասնելու ներուժ ունեք: Գիտեմ, որ խնդիրների լուծման, ինչպես նաև վերլուծությունների իրականացման համար օգտվում եք ամպային սերվերներից: Առանց դրա՝ այսօր, իսկապես, անհնար է լուրջ առաջընթաց ունենալ: Պետք է անենք ամեն ինչ՝ այդ ծառայություններից օգտվելու հասանելիությունը մեծացնելու համար»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ անդրադառնալով, մասնավորապես, Chessify բազմաֆունկցիոնալ հարթակին, որը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ պրոֆեսիոնալ շախմատիստների համար:
Chessify-ը ներառում է մի քանի գործիքներ՝ տախտակի սկանավորում, խաղերի վերլուծություն, ամբողջ աշխարհում առաջնությունների ուղիղ հեռարձակումներ և այլն։ Պրոֆեսիոնալ շախմատիստների համար գործում է նաև Chessify-ի ամպային ծառայությունը, որի հիմնական առանձնահատկություններն են անհատական ամպային սերվերները, շախմատային այլ հարթակներում ինտեգրումը:
Շախմատիստների խոսքով՝ Chessify-ից հիմնականում օգտվում են պաշտոնական մրցաշարերի նախապատրաստվելիս, ինչպես նաև ուսումնամարզական հավաքների ժամանակ, այն էլ սահմանափակ հաճախականությամբ, իսկ առանց այդ հարթակի՝ ներկայում անհնար է մարզվել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը վստահեցրել է, որ առաջիկայում հավաքականի առաջատար մարզիկները կունենան ծրագրային ավելի մեծ հասանելիություն:
«Կանենք հաշվարկներ՝ հասկանալու համար, թե որքան ռեսուրս է անհրաժեշտ տեխնիկական խնդիրների կարգավորման համար: Ամեն ինչ կանենք, որ դուք մտածեք միայն խաղի մասին»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Նշենք՝ Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի անհատական առաջնություններին:
Շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունը
կանցկացվի մարտի 18-29-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում: Հայաստանից մասնակցության հայտ են ներկայացրել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:
Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը կանցկացվի Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում: Հայաստանից դեռևս 13 շախմատիստներ են մասնակցության հայտ ներկայացրել՝ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, միջազգային վարպետներ Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ալեքս Սահակյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Սարգիս Մանուկյանը:
Եվրոպայի անհատական առաջնությանը նախապատրաստվելու նպատակով Հայաստանի տղամարդկանց հավաքականը փետրվարի 13-27-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Արզնիում:
Կարծիքներ