Դոնաթելա Վերսաչեն հեռանում է Versace-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնից

Դոնաթելա Վերսաչեն հեռանում է Versace-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնից

Դարիո Վիտալեն դարձել է Versace-ի նոր ստեղծագործական տնօրենը՝ փոխարինելով Դոնաթելա Վերսաչեին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 1997 թվականից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Versace ընկերությունը սոցիալական ցանցերում։

Սա առանցքային շրջադարձ է բրենդի պատմության մեջ. իր գոյության 47 տարիների ընթացքում առաջին անգամ այս աշնանը պոդիումների վրա կհայտնվի Versace-ի հագուստը, որը չի ստեղծվել Վերսաչե ընտանիքի անդամներից որևէ մեկի ղեկավարությամբ:

Նորաձևության դիզայներն Instagram-ի իր էջում հաստատել է պաշտոնից հեռանալու մասին լուրը։ 

«Ես ուրախ եմ, որ Դարիո Վիտալեն կմիանա մեզ, և ոգևորված եմ տեսնել Versace-ն նոր հայացքով…. Կյանքիս ամենամեծ պատիվն էր շարունակել եղբորս՝ Ջաննիի ժառանգությունը։ Նա իսկական հանճար էր, բայց հուսով եմ, որ ես իմ ներսում որոշ չափով ունեմ նրա ոգին և համառությունը», - գրել է նա։

69-ամյա Դոնաթելա Վերսաչեն չի խզում ընտանեկան ապրանքանիշի հետ հարաբերությունները։ Նա կզբաղեցնի ապրանքանիշի գլխավոր դեսպանի պաշտոնը։

«Ապրանքանիշի գլխավոր դեսպանի իմ նոր պաշտոնում ես կմնամ Versace-ի ամենաջերմեռանդ աջակիցը: Վերսաչեն իմ ԴՆԹ-ում է և ընդմիշտ իմ սրտում», - հավելել է նա։

Դոնաթելան Versace-ի հաջողության կարևոր մասն է եղել ընկերության հիմնադրման հենց սկզբից: Նրա եղբայր Ջաննին ապրանքանիշը ստեղծել է 1978 թվականին, իսկ Դոնաթելան եղել է ընկերության փոխնախագահը, դիզայները և մուսան. 1989 թվականին Ջաննին նրան է նվիրել Blonde օծանելիքը։ Ինչպես նշում է Vogue-ը, 1980-ականների սկզբին նա առանցքային դեր է խաղացել Միլանի Վիա Ջեզու փողոցում հայտնի տունն աճուրդում ձեռք բերելու գործում: Այն կարելի է ճանաչել Գորգոն Մեդուզային պատկերող հարթաքանդակով, որը Versace-ի տարբերանշանն է։

Երբ 1997 թ. հուլիսին Ջաննին 50 տարեկանում սպանվեց Մայամի Բիչի իր տան աստիճանների վրա, Դոնաթելան դարձավ ստեղծագործական տնօրեն, իսկ Սանտոն՝ Ջաննիի և Դոնաթելայի ավագ եղբայրը, ստանձնեց ապրանքանիշի գործադիր տնօրենի պաշտոնը:

41-ամյա Դարիո Վիտալեն Versace-ում աշխատանքի կանցնի ապրիլի 1-ից։ Նա աշխատել է Dsquared2-ում և Bottega Veneta-ում, իսկ 2010 թվականին միացել է Prada-ին պատկանող Miu Miu նորաձևության բրենդին։ Այնտեղ նա սովորական դիզայներից հասել է դիզայնի և իմիջի տնօրենի պաշտոնին, որը զբաղեցնում էր վերջին մեկուկես տարվա ընթացքում. 2024 թվականին Miu Miu-ի վաճառքներն աճել են 93%-ով։ Հունվարին Դարիո Վիտալեն հեռացել է Prada-ից։

Ըստ Reuters-ի՝ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Capri Holdings ընկերությունը, որին պատկանում է Versace-ն, հնարավոր է, ապրանքանիշը վաճառի Prada-ին գրեթե 1,5 միլիարդ դոլարով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում