Չարդարացված սպասելիքներ. Փարիզ 2024-ի ամփոփում

Չարդարացված սպասելիքներ. Փարիզ 2024-ի ամփոփում

Հայաստանն իր նորանկախ պատմության մեջ ունեցել է 2 օլիպիական չեմպիոն՝ ըմբիշներ Արմեն Նազարյանը (1996 թվականին Ատլանտայում կայացած ՕԽ-ում) և Արթուր Ալեքսանյանը (2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում):

Սպասելիքները մեծ էին, որ այս տարի Փարիզ 2024-ում կայացած 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա նոր չեմպիոններ, որոնք իրենց անունները ոսկե տառերով կգրեին հայկական և համաշխարհային սպորտի պատմության մեջ, թեև հասկանալի էր, որ մեր պատվիրակության ոչ բոլոր անդամները կարող էին հավակնել մեդալների:

Մեր մարզիկները Փարիզից վերադարձան 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով՝ մեդալային ընդհանուր հաշվարկում գրավելով 66-րդ հորիզոնականը, այսպիսով, ցավոք, զիջելով տարածաշրջանի բոլոր երկրներին:

Ամենամոտ արդյունքը Թուրքիան է գրանցել՝ առաջ անցնելով ՀՀ-ից ընդամենը 2 հորիզոնականով: Մրցավարական կոպիտ սխալներն ու ինչ-ինչ պատճառով ոչ օբյեկտիվ վերաբերմունքը հայ մարզիկներից ու երկրպագուներից խլեցին ամենահավանական ու սպասված հաղթանակները:

Ինչպես Արթուր Ալեքսանյանի հայրն ու անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանն է ասում՝ Հայաստանի մարզիկների դեմ արշավ կա, ավելին՝ նա կարծում է, որ Արթուր Ալեքսանյանի օլիմպիական 2-րդ ոսկին պիտի Հայաստան վերադառնա: Չնայած Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան չի ընդունել Հայաստանի բողոքը, սակայն այսքանով անարդարության դեմ պայքարը մեր երկիրը չի ավարտում:

Բողոքի հաջորդ նոտան ուղղվել է Միջազգային օլիմպիական կոմիտե: ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը վստահեցրել է՝ Արթուրի ոսկու համար պայքարելու են մինչև վերջ: Չնայած Հայաստանը բողոքարկել է միայն Արթուրի հանդեպ եղած մրցավարական սխալը, սակայն մեր մյուս հաղթանակի հավակնորդ մարզիկները ևս անմասն չեն մնացել մրցավարական անարդարություններից:

Կիսաեզրափակիչում մրցավարները չարձանագրեցին Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանի հաղթանակը, մեր մարզիկը զրկվեց եզրափակիչի ուղեգիր նվաճելուց, իսկ հետո պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Իսկ ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը լքեցին պայքարը քառորդ եզրափակիչում, սակայն, ի տարբերություն, հունահռոմեական ըմբիշների, նրանց պարտությունների պատճառը գուցե այլ է, քանզի նրանց բաժին հասած մրցակիցները բականաչափ զորեղ էին:

Չնայած ցավոտ պարտություններին, մեր երկրպագուները ուրախանալու առիթներ ևս ունեցան. ըմբիշ Մալխաս Ամոյանը և ծանրորդ Վարազդատ Լալայանը իրենց առաջին օլիմպիական խաղերում կարողացան նվաճել բրոնզե և արծաթե մեդալներ, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը կարողացավ բարելավել իր ցուցանիշը՝ նվաճելով արծաթե մեդալ (2021 թվականին Տոկիոյում կայացած ՕԽ-ում Դավթյանը դարձել էր բրոնզե մեդալակիր):

Մինչև միջազգային օլիմպիական կոմիտեն վերջնական որոշում կկայացնի Արթուր Ալեքսանյանի վիճարկվող մենամարտի մասին, մենք ու մեր մարզիկները պետք է դասեր քաղենք և լավագույնս պատրաստվենք 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերին՝ այնտեղ փորձելով պատմություն կերտել:

 

Գևորգ Թովմասյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում