779 շրջանավարտ ավարտեց բժշկական համալսարանը՝ հայրենի բժշկագիտությունը զարգացնելու պատրաստակամությամբ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 779 շրջանավարտ այս տարի ավարտել է մեկդարյա կրթագիտական հաստատությունը:
«Սիրելի՛ շրջանավարտներ, դուք անցաք բավականին դժվար, հիմնարար գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհով, հաղթեցիք բժշկին հարիր այն գիտելիքների, փորձությունների, քննությունների ճանապարհը, որը ձեզ համար կյանքում դառնալու է մեծ հնարավորություն՝ ձեր մարդկային տեսակը, ձեր որակները կյանքի կոչելու բժշկական գործունեության ընթացքում: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում, բժշկի կյանքում կարևորագույն ձեռքբերում է, երբ նա կարողանում է հաջողությունը վերցնել իր ձեռքը և բաց չթողնել: Բայց հաջողությունը մեկ անգամ դա բժշկի հաջողություն չէ, դա վտանգ է: Բժշկի հաջողությունը խորը գիտելիքների, հմտությունների, ուսուցիչների, բուհի հանդեպ պատասխանատվության մեջ է, խորը գիտակցության՝ իր երկրի և ժողովրդի, համամարդկային արժեքների առջև»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2022-2023 ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր միջոցառման մեկնարկն ազդարարելով նշել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Նա շնորհակալություն է հայտնել համալսարանի դասախոսական կազմին, Գիտական խորհրդին:
ԵՊԲՀ օտարերկրացի շրջանավարտներն այս ուսումնական տարում աշխարհի 16 երկրից են:
«Բժշկական համալսարանում մենք ձգտում ենք մեր ուսանողներին տրամադրել լավագույն կրթությունը` նրանց պատրաստելով ապագա մասնագիտությամբ` բուժական, ստոմատոլոգիական և դեղագիտական ուղղություններով աշխատելու համար: Միջազգային արագ փոփոխվող աշխատաշուկայում մրցունակ լինելու համար պետք է լինել պրակտիկորեն կոփված, ճկուն, և աշխատել արդյունավետ, ստեղծարար և պետք է կարողանաք ունենալ կրիտիկական մտածողություն»,- շեշտել է Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի ղեկավար Գայանե Ավետիսյանը՝ հավելելով, որ պրոֆեսիոնալ բժիշկ դառնալը պահանջում է բազմաթիվ զոհաբերություններ, բայց և նվիրում է հիվանդների ապաքինմամբ պայմանավորված երջանիկ ակնթարթներ:
Նրա խորհուրդն էր՝ երբեք չխուսափել խորհրդակցել ավագ, առավել փորձառու գործընկերների հետ, քանի որ բժշկի սխալի գինը կարող է առողջություն և կյանք արժենալ:
Գիտական խորհրդի հանդիսավոր նիստը նշանավորվել է շրջանավարտների երդման արարողությամբ:
Գիտական խորհրդի նիստի փակման խոսքում ԵՊԲՀ ռեկտորն առանձնահատուկ հիշեց հանուն հայրենիքի նահատակված մերօրյա այն հերոսներին, որոնք ուսումնառության ընթացքում նահատակվեցին հանուն հայրենիքի:
«Եղեք մարդասեր, պատրաստակամ, ծայրահեղ պատասխանատու և մշտապես զարգացող, բժիշկն իր ամբողջ կյանքի և գործունեության ընթացքում սովորում է: Եթե դուք գիտեք և կարող եք, ապա դուք պարտավոր եք: Բոլորիս անունից ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել այն տղաներին, որոնք այս պահը չապրեցին, և նրանց փոխարեն մենք պարտավոր ենք անել այն ամենը, ինչը նրանք երազել են»,- ընդգծել է բժշկական բուհի ղեկավարը:
Կարծիքներ