Ճապոնիան և Միացյալ Նահանգները ԿԺԴՀ-ին կոչ են արել հետևել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին
Ճապոնիայի և ԱՄՆ-ի կառավարությունները Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ ԿԺԴՀ իշխանություններին կոչ են արել հետևել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտարարության տեքստը ուրբաթ հրապարակել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։
Տոկիոն և Վաշինգտոնը հանդես են եկել Փհենյանի միջուկային և բալիստիկ հրթիռների, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքերի այլ տեսակների ամբողջական, անշրջելի և ստուգելի վերացման օգտին: Բացի այդ, Ճապոնիան և ԱՄՆ-ը կոչ են արել Իրանին դադարեցնել միջուկային էսկալացիան՝ անհապաղ և լիովին համագործակցելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։
Հայտարարության համաձայն՝ Ճապոնիան «ողջունում է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի երկարաձգումը և անհամբեր սպասում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական կայունության շուրջ երկխոսության զարգացմանը»:
Բացի այդ, Տոկիոն և Վաշինգտոնը կոչ են արել ՉԺՀ-ին նպաստել միջուկային ռիսկերը նվազեցնելուն, բաց լինելուն և միջուկային զինաթափմանը խթանող համաձայնագրերին:
Կարծիքներ