«100 գաղափար Հայաստանի համար». 20 անվանակարգերում ներկայացվել է 137 հայտ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ կայացել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի նիստը: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։
Նախարարի տեղակալն ուրախությամբ արձանագրել է, որ հայտարարված 20 անվանակարգերում ստացվել է 137 հայտ, որն աննախադեպ քանակ է մրցույթի պատմության մեջ: ԿԳՄՍՆ-ն հիշեցնում է, որ մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն էր: Հանձնաժողովի նիստի օրակարգում քննարկվել և հաստատվել են հայտերի հիման վրա հայտերը գնահատող փորձագիտական հանձնաժողովի անդամների առաջադրման, հայտերի գնահատման համար ժամկետի սահմանման, հայտերի գնահատման և հաղթողների որոշման կարգի հաստատման վերաբերյալ հարցերը:
Նախարարի տեղակալը հայտերի գնահատման փորձագիտական խմբի համար որպես գնահատման կարևորագույն չափանիշ կարևորել է հանգամանքը, որ ներկայացված հայտերում առաջադրված սոցիալական նորարարությունները գնահատվեն հանրության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման տեսանկյունից:
Քննարկմանը կազմկոմիտեի անդամները որոշում են կայացրել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերը գնահատող փորձագիտական հանձնաժողովի անդամներ ներառելու համար դիմել ՀՀ բուհերին, Գիտության կոմիտեին, Գիտությունների ազգային ակադեմիային՝ յուրաքանչյուր անվանակարգում 2 ներկայացուցիչ և դրանով իսկ օբյեկտիվությունն առավելագույնս ապահովելու նպատակով: Կազմկոմիտեի անդամները վերանայել են գնահատման չափանիշները, դրանց բովանդակությունը, դասակարգել գնահատման ցուցանիշները՝ ըստ դրանց կարևորության: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կրկին հանդիպել՝ քննարկելու փուլային անելիքները:
Կարծիքներ