Ռուբիոն ռուս-ուկրաինական հակամարտությունը որակել է որպես պրոքսի պատերազմ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև

Ռուբիոն ռուս-ուկրաինական հակամարտությունը որակել է որպես պրոքսի պատերազմ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամն իրենից ներկայացնում է պրոքսի պատերազմ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Նախագահ Թրամփը կարծում է, որ սա ձգձգված հակամարտություն է, որը մտել է փակուղի, և, անկեղծ ասած, սա պրոքսի պատերազմ է միջուկային տերությունների՝ ԱՄՆ-ի, որն օգնում է Ուկրաինային, և Ռուսաստանի միջև։ Եվ դրան պետք է վերջ տալ», - ասել է Ռուբիոն։

Ռուբիոն նաև նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «սաբոտաժի է ենթարկել» և «խափանել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն՝ ուղղված հակամարտության դադարեցման շուրջ բանակցություններին։

«Ես ուրախ եմ տեսնել, որ այդ դիրքորոշումը վերանայվել է, որովհետև իսկապես հավատացած եմ, որ մենք պետք է այս համակարտությունը դադարեցնելու միջոց գտնենք։ Դա պահանջելու է զիջումներ երկու կողմերից։ Բայց մենք երկու կողմերին էլ պետք է բերենք բանակցությունների սեղանի շուրջ։ Ուկրաինացիներն, ակնհայտորեն պետք է այնտեղ լինեն, դա նրանց երկիրն է, և ռուսները պետք է լինեն այդ սեղանի շուրջ», -հայտարարել է նա:

Ըստ Ռուբիոյի՝ միայն նախագահ Թրամփը կարող է դա հնարավոր դարձնել։

«Դա է եղել և մնում է այն նպատակը, որի վրա մենք այժմ կենտրոնացած ենք», - եզրափակել է Ռուբիոն։

Մարտի 4-ին Զելենսկին X սոցիալական ցանցում հայտարարություն էր հրապարակել՝ շեշտելով, որ Ուկրաինան պատրաստ է հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ ոչ ոք չի ուզում խաղաղություն այնքան, որքան ուկրաինացիները։ Նա ափսոսանք էր հայտնել, որ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը «չանցավ այնպես, ինչպես նախատեսված էր»՝ նկատի ունենալով փետրվարի 28-ին Օվալաձև աշխատասենյակում իր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև վիճաբանությունը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում