Որո՞նք են Օմիկրոն շտամով վարակվելու հիմնական ախտանշանները
Ռուս իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը նշել է կորոնավիրուսի Օմիկրոն շտամով վարակվելու հիմնական նշանները, հայտնում է URA.ru-ն։
«Օմիկրոնի ամենաբնորոշ ախտանշանը խիստ արտահայտված գլխացավն է, հանկարծակի թուլությունն ու ուժի կորուստը: Խնդիրն այն է, որ կորոնավիրուսի բոլոր տարբերակների համար նկարագրվել է ավելի քան 70 տեսակի ախտանշան։ Դրանք կրկնվում են տարբեր շտամներում, սակայն որոշների պարագայում ախտանշաններն ավելի ցայտուն են»,- ասել է մասնագետը։
Բժիշկը հիշեցրել է, որ Ուհանի շտամի «այցեքարտը» հոտի կորուստն էր, ինչը շատ ավելի քիչ էր տարածված Դելտա շտամի դեպքում: Բոլիբոկի հայտարարությամբ՝ բազմաթիվ երկրներից Օմիկրոնով վարակվածները հայտնում են, որ հոտի կորուստ շատ հազվադեպ է պատահում:
Ավելի վաղ Հարավային Աֆրիկայի բժիշկները, որտեղ հայտնվել է COVID-19-ի Օմիկրոն շտամը, հայտնել էին վարակակիրների գիշերային քրտնարտադրության ավելացման մասին: Եթե կորոնավիրուսի նախկին տարբերակներով վարակվելու դեպքում լինում էր անընդմեջ հազ, բարձր ջերմություն, հոտի ու համի կորուստ, ապա այժմ հիվանդների մոտ առկա է քթարտադրություն, գլխացավ, հոգնածություն, մարմնի ցավ, ինչպես նաև գիշերային քրտնարտադրություն:
Կարծիքներ