Երաժշտարվեստում ունեցած ներդրման համար ֆրանսաբնակ հայ տենորն արժանացել է ոսկե մեդալի

Երաժշտարվեստում ունեցած ներդրման համար ֆրանսաբնակ հայ տենորն արժանացել է ոսկե մեդալի

Երաժշտարվեստում ունեցած ներդրման, բարեգործական համերգների համար ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն արժանացել է «Grand Prix Humanitaire De France» ոսկե մեդալի:

Մեդալը նրան է հանձնվել Ֆրանսիայի սենատում, որտեղ տենորը հանդես է եկել երկու բացառիկ մենահամերգներով:

Ռուբեն Էլբակյանը բարեգործական համերգներով է ունեցել Փարիզի Մադլեն, Տրինիտե (Սուրբ Երրորդություն) եկեղեցիներում, ինչպես նաև Հայաստանի օպերային թատրոնում:

Երևանյան արվեստասեր հանրությունը դեռ 1980-ականներից է հիշում «փոքրիկ Կառուզոյին»: Սևահեր, սև աչքերով Ռուբեն Էլբակյանն ընդամենը 7 տարեկան է եղել, երբ իր զգացմունքային, մաքուր կատարումներով կարողացել է հիացնել հանդիսատեսին:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Ռուբենն աշակերտել է Գոհար Գասպարյանին և Տաթևիկ Սազանդարյանին: Ֆրանսիայում Էլբակյանը շարունակել է երաժշտական ճանապարհը՝ հանդես գալով մենահամերգներով: Արտիստը երգել է Լյուքսեմբուրգի, Կաննի փառատոնների պալատներում, ինչպես նաև Փարիզի «Դեժասեթ» թատրոնում:

 2010 թվականի ապրիլի 24-ին Ռուբեն Էլբակյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը յուրովի է մատուցել՝ Ֆրանսիայի ազգային ոստիկանության նվագախմբի նվագակցությամբ Փարիզի Հաղթակամարի տակ կատարելով Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերը:

Այդ իրադարձությունից մեկ տարի անց Մոնակոյում Ռուբեն Էլբակյանն արժանացել է «Նապոլեոնյան հիշատակի ռազմական շքանշանի ասպետ» կոչմանը, իսկ 2010-ին «LUXURY» ամսագրի կողմից ներառվել է աշխարհի 57 ամենահայտնի հայերի ցանկում: Հայազգի տենորին եվրոպացիները «Ոսկե ձայն» անունն են տվել: Ռուբեն Էլբակյանի երկացանկում, բացի համաշխարհային դասականներից, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կոմիտասը:

Նրա «Կոմիտաս» ալբոմն արժանացել է «Սկավառակավաճառների հատուկ մրցանակին»: Ֆրանսաբնակ հայ տենորը հայրենիքում վերջին անգամ ելույթ է ունեցել 2007 թվականին: Հայաստանյան բեմերում հայ հանդիսատեսի առջև երգելը նրա համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է: Ռուբեն Էլբակյանը մտահոգ ու անհանգիստ է. նրան խիստ հուզում է Հայաստանի ապագան: Ինչպես իր հարցազրույցներում է բազմիցս նշել՝ պատրաստ է բարեգործական համերգներով հանդես գալ Հայաստանի տարբեր քաղաքներում ու Արցախում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում