Շատ ավելին կբերեինք, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ. Միրզոյանը՝ զենքի ձեռքբերումների մասին

Շատ ավելին կբերեինք, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ. Միրզոյանը՝ զենքի ձեռքբերումների մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշում է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը կարողանում է անհամեմատ ավելի շատ երկրներից սպառազինություն ձեռք բերել, քան նախորդ իշխանությունները։ Միևնույն ժամանակ, Միրզոյանն ընդգծում է, որ ավելի շատ զենք կկարողանային ձեռք բերել, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի դիտարկմանը, թե գործող իշխանությունը չի կարողանում զենք ձեռք բերել:

«Մենք կարողանում ենք զենք ձեռք բերել անհամեմատ ավելի շատ երկրներից, քան ձեր քաղաքական կուսակցությունը կհանդգներ կամ ամենապայծառ երազում կերազեր այդպիսի գործարքներ անել, գնալ տարբեր երկրներ և խնդրել։ Սակայն կան նաև լոգիստիկ խնդիրներ, մենք շատ ավելին կկարողանայինք ձեռք բերել»,-ասաց Միրզոյանը՝ դիմելով պատգամավորին:

Հայաստանի ԱԳ նախարարը վստահեցրեց՝ խոսքը միանշանական պաշտպանական զենքերի մասին է, Հայաստանը որևէ հարձակողական նպատակ չունի:

«Յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է ձեռք բերել պաշտպանական զինատեսակներ, սպառազինություններ: Մենք շատ ավելին  կբերեինք, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ: Գաղտնիք չէ, որ այդպիսի լոգիստիկ խնդիրներ կան»,-ասաց Միրզոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում