Պետք է ամուր թիմ ստեղծենք. Ռաֆայել Նազարյան

Պետք է ամուր թիմ ստեղծենք. Ռաֆայել Նազարյան

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ և ՀՖՖ տեխնիկական տնօրեն Ռաֆայել Նազարյանը կարևորում է իսպանացի մասնագետ Խինես Մելենդեսի թողած ժառանգությունը ճիշտ օգտագործելը:

«Յոթ տարի անց երիտասարդական հավաքականը նորից գլխավորելը նույն պատասխանատվությունն է, ինչ այն ժամանակ: Բոլոր ժամանակներում էլ Հայաստանում կա ֆուտբոլիստների լայն ընտրության հնարավորություն»,- Նազարյանի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:

Խոսելով Մ21 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլում իր գլխավորած թիմի մրցակիցների մասին` Նազարյանը շեշտեց, որ խումբը բարդ է: «Մեզ համար ամենաբարդ խաղերը կայանալու են Մակեդոնիայի և Ֆարերյան կղզիների դեմ: Բայց սա չի նշանակում որ Սերբիան, Ուկրաինան կամ Ֆրանսիան հաշվարկից դուրս են: Պարզապես պետք է հոգեբանորեն պատրաստվել այդ խաղերին, քանի որ նրանք շատ ավելի վտանգավոր մրցակիցներ են»,-ասաց մասնագետը:

Նազարյանը կարևորեց նաև ԲԿՄԱ ակումբի ստեղծումը` առանձնացնելով այն փաստը, որ ակումբն ակնհայտ աճ է գրանցում և թիմի կորիզը երիտասարդ թիմի ֆուտբոլիստներն են: «Մենք կազմել ենք ֆուտբոլիստների ամբողջական ցուցակ, որում ընդգրկված են մոտ 50 անուն: Դիտարկել ենք դրսում հանդես եկող հայ ֆուտբոլիստների, որոնք մեզ կմիանան տեխնիկական հարցերի հստակեցումից հետո: Պետք է ամուր թիմ ստեղծենք, որը լավ արդյունքներ կգրանցի»,-ասաց նա:

Անդրադառնալով ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնը ստանձնելուն` Նազարյանն ընդգծեց, որ իր համար դժվարությունը կայանում է նրանում, որ փոխարինելու է գալիս մի մարդու, ով համաշխարհային հռչակ ունի: Խոսքը իսպանացի մասնագետ Խինես Մելենդեսի մասին է: «Պետք է օգտագործենք Խինես Մելենդեսի ժառանգությունը»,-շեշտեց մասնագետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում