Արցախի ԱԺ 5 խմբակցությունները «Արցախի բռնազավթած տարածքների մասին» օրենքի նախագիծ են շրջանառության մեջ դրել
Արցախի Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի բռնազավթած տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, ըստ որի` արգելք է սահմանվելու արտասահմանյան այն կազմակերպությունների վրա, որոնք ցանկություն կհայտնեն առանց Արցախի կառավարության թույլտվության գործունեություն ծավալել Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքերում:
Այս մասին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:
«Օրենքի նախագիծը հունվարի 27-ին շրջանառության մեջ է դրվել: Օրենքի նախագիծը Ազգային ժողովի կանոնակարգին համապատասխան բոլոր փուլերով անցնելու է և փետրվարի 16-ին ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է դրվելու: Օրենքի նախագիծը երկու հիմնական ուղերձ է պարունակում, առաջինը այն, որ մենք որևէ դեպքում չենք հրաժարվի Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքներից և համարում ենք, որ, օրինակ` Հադրութի շրջանը հայկական է եղել ու միշտ լինելու է հայկական: Երկրորդը` դիմում ենք բոլոր երկրների կառավարություններին և արտասահմանյան կազմակերպություններին, որոնք ինչ-որ կերպ շահագրգռված են մասնակցություն ունենալ տարբեր տեսակի գործունեություն ծավալելու բռնազավթած տարածքներում, ապա զգուշացնում ենք, որ համապատասխան օրենքի դրույթների և տարբեր միջազգային նորմերի հիման վրա կբարձրացնենք, մեզ համար բարենպաստ պայմաններ ստեղծվելու դեպքում կդիմենք միջազգային ատյաններ և արբիտրաժներ: Օրենքի նախագծում նշված է, որ արտասահմանյան ընկերությունները կարող են գործունեություն ծավալել միայն ու միայն Արցախի կառավարության թույլտվությամբ»,- ընդգծեց Բաղունցը:
Հարցին` թե ի ՞նչ իրավական գործընթաց կարող է սկսվել, եթե, օրինակ` արտասահմանյան ընկերությունը որոշի ներդրում անել Ադրբեջանի կողմից բռնազավթած տարածքներում, «սև ցուցակում ե՞ն հայտնվելու , Բաղունցը պատասխանեց, որ հնարավորինս կհետևեն տեղի ունեցող գործընթացներին, տվյալների բազա կստեղծեն:
«Հետագայում բարենպաստ պայմանների դեպքում մենք տարբեր միջազգային ատյաններում այդ գործունեության գնահատականը կներկայացնենք»,- հավելեց Բաղունցը:
Արցախի ԱԺ նախագահի տեղակալի խոսքով` բոլոր 5 խմբակցությունները միացել և ակտիվ մասնակցություն են ունեցել օրենքի նախագծի մշակմանը:
«Այնպես որ տարածայնություններ չկա և չեմ էլ պատկերացնում, թե որ դրույթի վերաբերյալ կարող է լինել»,- ավելացրեց Բաղունցը:
Հարցին` թե հատկապես, որ տարածքներ են ընդգրկված լինելու՝ ԼՂԻՄ-ի տարածքը, թե նաև անվտանգության գոտի համարվող տարածքները, Բաղունցը հղում կատարեց Արցախի Սահմանադրության 175-րդ հոդվածին, որում նշված է, որ մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո:
Կարծիքներ