Ղազախստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ անխնա կոչնչացվեն զենքը վայր դնելու պահանջին չենթարկվող ցուցարարները

Ղազախստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ անխնա կոչնչացվեն զենքը վայր դնելու պահանջին չենթարկվող ցուցարարները

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անկարգությունների այն մասնակիցները, ովքեր կդիմադրեն զենքերը վայր դնելու պահանջներին, կոչնչացվեն, հայտնում է Sputnik Ղազախստանը՝ վկայակոչելով ՆԳՆ-ին։

«Զենքը վայր դնելու օրինական պահանջներին զինված դիմադրության դեպքում նրանք ոչնչացվելու են»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ղազախստանի շրջաններում ուժեղացվել է ոստիկանների և ազգային գվարդիայի ջոկատների պարեկությունը, տեղադրվել են անցակետեր, ձերբակալվում են իրավապահ մարմինների պահանջները չկատարող իրավախախտները, հայտնաբերվում և բերման են ենթարկվում հանցագործություններ կատարած անձինք:

Հիշեցնենք՝ այս տարվա առաջին օրերը խիստ լարված ու ոչ բարենպաստ են մեկնարկել Ղազախստանի կառավարության անդամների, նախագահի ու երկրի բնակչության համար, քանի որ հեղուկ գազի գնի գրեթե կրկնակի բարձրացումից հետո սկսվել են բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկզբում ուղեկցվել են անկարգություններով և ծեծկռտուքներով, այնուհետև՝ վերածվել զինված բախումների: 

Այդ բախումների հետևանքով կան զոհեր, հազարավոր տուժածներ, մի քանի հարյուր հոսպիտալացվածներ, իրավիճակը երկրի ներսում պայթյունավտանգ է, իսկ ժամեր առաջ Ալմաթիում զինվորականները բարձրախոսներով պահանջել են անկարգությունների մասնակիցներից հեռանալ Հանրապետության հրապարակից և զգուշացրել, որ կկրակեն, որից հետո սկսվել է հրաձգություն:

Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ զինվորականներն ամբողջությամբ ազատել  են Ալմաթիի Հանրապետության հրապարակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում