Լաչինում ազդրբեջանական անցակետի տեղադրումը «օրինական» է. Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Le Monde թերթին տվածհարցազրույցում հնչեցրած մտքերի մեկնաբանությամբ:
Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հավատրիմ մնալով իր ոճին, նախ նշել է, թե ՀՀ վարչապետը «անհիմն մտքեր է հնչեցրել» տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, այնուհետ իրականության հետ աղերս չունեցող հայտարարություններ մեջբերել:
«Հայաստանը, որը պահանջում է հեռացնել Լաչինի սահմանային անցակետը, որը բարդացնում է իրենց երկրի անօրինական գործունեությունը տարածաշրջանում և խանգարում ագրեսիայի և անջատողականության քաղաքականությանը, պետք է հասկանա, որ Ադրբեջանի կողմից Լաչինում սահմանային անցակետի տեղադրումը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին։
Բացի այդ, հայկական կողմը մերժել է ադրբեջանական կողմի առաջարկը՝ միջազգային դերակատարների, այդ թվում՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից, Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործել հայ բնակչության կարիքների համար, ինչը վկայում է տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» մասին պնդումների անհիմն լինելու մասին»,-ասված է հայտարարության մեջ։
Երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, թե իբր Հայաստանի վարչապետը միջազգային հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու փորձ է արել՝ անտեսելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում, որտեղ ամեն օր անցակետով անցնում են տասնյակ հայ բնակիչներ երկու ուղղություններով: Ադրբեջանական գերատեսչությունը, սակայն, մոռացել է նշել, որ հիշյալ Կարմիր խաչի ՄԿ-ի կողմից հիվանդների տեղափոխումն իրականացվում է բարդագույն պայմաններում, մի քանի օր տևող բանակցություններով հազիվ ձեռք բերվող համաձայնություններով, ուղեկցվում՝ ԼՂ բնակչության համար ստորացուցիչ «լրացուցիչ» բժշկական ստուգումներով:
Հայտարարության վերջում, իհարկե, Բաքվի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին «զերծ մնալ սադրիչ քայլերից ու հայտարարություններից, կատարել միջազգային պարտավորությունները»այն դեպքւոմ, երբ միջազգային հանրությունն ու մարդու իրավունքների միջազգային դատարաններն են նույնը հորդորում Ադրբեջանին:
Կարծիքներ