Արցախահայությունը չի կարող ապրել ադրբեջանական վերահսկողության ներքո. փոխնախարար
Արցախյան թե առաջին պատերազմի, թե երկրորդ պատերազմի ընթացքում տեղի ունեցածը հստակ ցույց են տալիս, որ արցախահայությունը չի կարող ապրել ադրբեջանական վերահսկողության ներքո:
Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
«Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը նշեց՝ կա «Ճանաչում՝ հանուն փրկության» գաղափար: «Ես հատուկ չեմ ասում «Անջատում՝ հանուն փրկության», ասում եմ՝ «Ճանաչում՝ հանուն փրկության», որպեսզի դա չհակադրվի ինքնորոշման իրավունքի հետ»,-ասաց պատգամավորն ու հետաքրքրվեց՝ այդ բանաձևը քննարկվո՞ւմ է:
Փոխնախարարը շեշտեց. «Այն, ինչ տեղի ունեցավ թե Արցախյան առաջին պատերազմի, թե երկրորդ պատերազմի ընթացքում, հստակ ցույց է տալիս, որ ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող ապրել: Այսինքն՝ քանի որ փաստացի գնում է բնաջնջման քաղաքականություն: Դրա լավագույն ապացույցն այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայերի իսպառ բացակայությունն է»:
Գևորգյանը նշեց, որ պատգամավորի ասած սկզբունքն այդ փաստով հստակ հիմնավորում է ստանում: «Եվ ես կարծում եմ, որ այդ մոտեցումը, որ արցախահայությանը Ադրբեջանի վերահսկողության ներքո սպառնում է ոչնչացում, այդ ճշմարտացի, հուսալի և վստահելի թեզը մենք առաջ ենք մղում թե մեր դիսկուրսում, թե բանակցությունների ընթացքում»,-վստահեցրեց նա:
Կարծիքներ