Կոտայքի մարզպետն ու «Հայ-չինական գործընկերության կենտրոն»-ի նախագահը հուշագիր են ստորագրել
Կոտայքի մարզպետարանի և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:
«Նպատակն է՝ ստեղծել և զարգացնել Հայաստան-Չինաստան գործարար, տնտեսական, մշակութային, գիտակրթական կապերն ու համագործակցությունը՝ ներդրումային ներգրավվածության, տնտեսական և գործարար կապերի խթանման, կրթական ծրագրերի փոխանակման, զբոսաշրջության զարգացման, մշակույթի ու պատմության ճանաչելիության բարձրացման ու տարածման միջոցով»,- այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Մխիթարյանը:
Նշվում է, որ մարզպետը հույս է հայտնել, որ հուշագիրը հնարավորություն կտա ամրապնդել բարեկամական հարաբերությունները և նպաստել Հայաստանի ու Չինաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:
Կազմակերպության նախագահ Արմեն Մխիթարյանն էլ նշել է, որ կազմակերպությունը կաջակցի, որպեսզի Կոտայքի մարզի և Չինաստանում պետական և տեղական կառավարման համապատասխան մարմինների ու ոչ պետական այլ կազմակերպությունների հետ համագործակցությունն ամրապնդվի՝ ապահովելով տարբեր ծրագրերում մարզի մասնակցությունն ու ներգրավվածությունը:
Կարծիքներ