Կանանց ակտիվ դերակատարությունն արդեն իսկ իրականություն է, որի շնորհիվ հասարակությունն ավելի ուժեղ և ճկուն է դառնում. Նազելի Բաղդասարյան

Մարտի 8-ը բնավ ծաղիկներ նվիրելու, գեղեցիկ խոսքեր շռայլելու մասին չէ։ Այս օրը մեկ առիթ է, որ մենք՝ կանայք, առավել գիտակցված և ընդգծված մոտենանք մեր իրավունքների պաշտպանությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Մարտի 8-ը առիթ է հիշեցնելու, որ կինը ոչ թե «խոցելի էակ» է կամ մեկը, ում կարելի է թիրախավորել, այլ ուժեղ անհատականություն է, որն ունի հստակ ձայն, վճռականություն և անսահման ներուժ՝ փոխելու իրեն շրջապատող աշխարհը։
Հանրային, սոցիալական, կառավարման և քաղաքական ոլորտներում կանանց ներգրավվածությունն առավել ընդգծված է վերջին տարիներին։
Այս փոփոխությունները գալիս են կոտրելու այն կարծրատիպերը, որոնք տարիներով արմատացած են եղել հասարակության մեջ, սակայն այսօր ժամանակավրեպ են և այլևս անբովանդակ։ Կանանց ակտիվ դերակատարությունն արդեն իսկ իրականություն է, որի շնորհիվ հասարակությունն ավելի ուժեղ, ճկուն և արդյունավետ է դառնում։
Սակայն ձեռք բերված հաջողությունները չպետք է մեզ ստիպեն նահանջել կամ կանգ առնել, այլ պետք է ծառայեն որպես ամուր հենք՝ կանանց նկատմամբ խտրականությունը արմատապես հաղթահարելու, իրավահավասար և արդար հասարակություն կերտելու համար։
Առկա առաջընթացը նաև պատգամ է մեզ՝ կանանց, շարունակել զարգացնել մեր կարողությունները, պահանջատեր լինել մեր իրավունքներին վերաբերող հարցերում և չհրաժարվել փոփոխությունների գործընթացում առաջամարտիկի մեր կարևոր դերակատարումից»,- գրել է Նազելի Բաղդասարյանը:
Կարծիքներ