Մեր ուշադրության կենտրոնում են բուժքույրերի բոլոր հիմնախնդիրները. փոխնախարարը 150 բուժքրոջ պատվոգրեր է հանձնել
«Առողջապահության ոլորտում որևէ ծրագիր, որևէ բարեփոխում առանց բուժքույրերի ներգրավվածության հնարավոր չէ իրականացնել»:
Վերարժևորելով բուժքույրերի դերն ու կատարած աշխատանքը`այս մասին ասել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ շուրջ 150 բուժքույրերի հանձնելով պատվոգրեր։
Առողջապահության նախարարի հրամանով են Հայաստանի բոլոր մարզերի ու Երևանի բժշկական հաստատությունների բուժքույրերն իրենց մասնագիտական միջազգային օրվա առթիվ արժանացել պատվոգրերի։
«Ամենօրյա հոգատար ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար շնորհակալ եմ նաև բոլոր բուժքույրերին, որոնք այսօր այստեղ չեն ու չեն պարգևատրվել։ Բոլորիդ աշխատանքի արդյունքում է հնարավոր դառնում իրականացնել մեր ծրագրերն ու ունենալ առավել ուժեղ առողջապահական համակարգ»,- նշել է փոխնախարար Լենա Նանուշյանն ու վստահեցրել՝ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են բուժքույրերի բոլոր հիմնախնդիրները։
Առողջապահության նախարարությունում ստեղծվել է բուժքույրերի հարցերով հանձնաժողով, որը ուղիղ մասնակցություն է ունենում բուժքույրերի հետ կապված յուրաքանչյուր որոշման ընդունմանը։
Կարծիքներ