Ինչքան հնարավոր է ավելի շատ կաշխատեցնենք պոմպակայանները, որ Սևանից քիչ ջրառ իրականացնենք. Սանոսյան
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի բացառում, որ այս տարի Սևանա լճից լրացուցիչ ջուր վերցնելու կարիք լինի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գնել Սանոսյանն այս մասին ասաց Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ։
Նա տեղեկացրեց, որ այս պահին բավական բարդ ու ծանր իրավիճակ է ստեղծվել ոռոգման համակարգում։ Նախարարի խոսքով՝ հիմնականում խնդիր ունեն Ախուրյանի, Ազատի, Ապարանի ու Մարմարիկի ջրամբարները, այսինքն` այն խոշոր ջրամբարները, որոնք սնուցում են համակարգը ջրի պակաս ունեն։
Նախարարը նշեց, որ այսօրվա դրությամբ այդ պակասը արդեն 250 մլն մետր խորանարդի է հասնում։
«Ցավալի է, որ հատկապես Սևանի իջման գոտում կարիք կունենանք Սևանից լրացուցիչ ջուր վերցնելու և հավանաբար Ազգային ժողովին այդ խնդրանքով կդիմենք։ Դեռ որոշակի հաշվարկներ են արվում, թե ինչ ծավալի մասին է խոսքը»,- ասաց նա։
Նախարարը վստահեցրեց, որ դժվարությամբ, բայց կառավարությունը կկարողանա կառավարել այս գործընթացը։
«Մենք ինչքան հնարավոր է ավելի շատ կաշխատեցնենք պոմպակայանները, չխնայելով որևէ դրամ կամ էլեկտրաէներգիա, որպեսզի Սևանից քիչ ջրառ իրականացնենք»,– ասաց նա։
Կարծիքներ