Նախարար. Չի բացառվում, որ Հայաստանը AstraZeneca-ի պատվաստանյութը ներկրի
AstraZeneca-ի պատավաստանյութի՝ Հայաստան ներմուծման հետ կապված գործընթացները եւ որոշումները կախված են հետազոտությունների արդյունքներից եւ իրադարձությունների ընթացքից. բացառված չէ, որ Հայաստանը ներմուծի AstraZeneca-ի պատվաստանյութը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստումները ամբողջ աշխարհում շարունակվում են, իսկ որոշ տեղերում ժամանակավոր կասեցվել են: Մասնագետները պետք է հետաքննեն ոչ միայն պատվաստանյութի որակը, այլն նաեւ դրա՝ տրանսպորտային փոխադրման հետ կապված բոլոր մանրամասները: Մասնագիտական հանձնաժողովի կարծիքները հիմք կդառնան հետագա որոշումների համար:
«Միանշանակ: AstraZeneca-ով պատվաստանյութով ամբողջ աշխարհում պատվաստումներն ընթանում են, որոշ երկրներում որոշ խմբաքանակների մասով կասեցվել է, ընթացքը ցույց կտա», - ասաց նախարարը, պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, որ կառավարությունն ամեն դեպքում չի բացառում, որ AstraZeneca կարող է պատվիրել:
«COVAX facility հարթակով բանակցություններ ենք վարում, այո, նաեւ AstraZeneca-ի հետ, եւ շարունակելու ենք վարել: Մեր որոշումները կայացնելու ենք, հիմնվելով մասնագիտական միջազգային կառույցների եզրակացությունների վրա», - ասաց նախարարը:
Նրա խոսքով, Հայաստանը չի պատրաստվում կենտրոնանալ միայն մեկ պատվաստանյութի վրա՝ «մի քանի տարբերակ ենք պատրաստվում ունենալ»:
Հիշեցնենք, որ վերջին օրերին շատ երկրներ սկսել են հրաժարվել կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության արտադրած պատվաստանյութից: Մասնագետներին մտահոգում են այն տեղեկությունները, որ պատվաստանյութը կարող է նպաստել թրոմբերի առաջացմանը եւ կարող է անվտանգ չլինել տարեցների համար:
Հայաստանն այս պահի դրությամբ AstraZeneca-ի պատվաստանյութ չի ներմուծում, իսկ բուժաշխատողներին պատվաստում է "Sputnik V" դեղամիջոցով:
Կարծիքներ