Քաղաքացիների դիմում-բողոքների hանձնաժողովի աշխատանքը կկազմակերպվi համաճարակային կանոնների պահպանմամբ. ՊՆ
2020թ. ամառային զորակոչի ընթացքում, ինչպես եւ նախորդ զորակոչերին, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո գործելու է քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովը: Այս մասին հայտնում են ՊՆ-ից: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդից:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձեւավորված հանձնաժողովը կարեւոր դերակատարում ունի զորակոչի գործընթացում: Այն հանձնառու է քննարկելու քաղաքացիների դիմումներն ու բողոքները, մասնակցելու դրանցում արծարծված խնդիրների լուծմանը, դիտարկելու զորակոչի ընթացքը, դրսեւորվող միտումները, առանձնացնելու եւ ներկայացնելու ուշագրավ հարցերը:
2020թ. ամառային զորակոչի ընթացքում հանձնաժողովի աշխատանքը կկազմակերպվի համաճարակային իրավիճակի նկատառումով: Կձեռնարկվեն միջոցներ առողջական տեսակետից այն անվտանգ անցկացնելու համար: Մշտապես կախտահանվեն ու կօդափոխվեն աշխատանքային տարածքները, հանձնաժողովի անդամներին եւ քաղաքացիներին կտրամադրվեն ախտահաման ու պաշտպանիչ միջոցներ: Նիստերի մասնակիցների թիվը ողջամտորեն կսահմանափակվի, կկատարվի հանձնաժողովի անդամների կանոնավոր փոխարինում միմյանցով, նիստերը կգումարվեն առավել հաճախ` կրճատելով մեկ նիստի ընթացքում քննարկվող դիմում-բողոքների թիվն ու նիստերի տեւողությունը, կպահպանվի անվտանգ հեռավորություն նիստի մասնակիցների միջեւ եւ այլն:
Ցավոք, լրատվամիջոցներր ներկայացուցիչները ստեղծված իրավիճակում չեն կարող մասնակցել նիստերին, ինչը ժամանակավոր նահանջ է հանձնաժողովի աշխատանքային սկզբունքներից: Այդուհանդերձ, լրատվամիջոցները կարող են հետաքրքրող տեղեկություններն ու մեկնաբանություններն ստանալ հեռախոսով: Նույն կերպ կպարզաբանվեն նաեւ քաղաքացիներին հուզող հարցերը` խուսափելով նրանց ընդունելությունից եւ անմիջական շփումից:
Դիմում-բողոքի քննարկմանը կարող են մասնակցել առավելագույնը երկու անձ` զորակոչիկն ու նրա ընտանիքի մեկ անդամ:
Դիմում-բողոքը պետք է գրել տանը, դրան կցել անհրաժեշտ փաստաթղթերը եւ ամբողջական փաթեթը հանձնաժողովին փոխանցել մեկ անձի միջոցով կամ ուղարկել փոստով:
Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 10:00-ից, իսկ պարզաբանումների համար անհրաժեշտ է զանգահարել (010)523482 հեռախոսահամարով:
Համոզված ենք, որ յուրաքանչյուրի գիտակից ու պատասխանատու վարքով կապահովենք հանձնաժողովի բնականոն աշխատանքը:
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո գործող վերոհիշյալ հանձնաժողովը քաղաքացիների դիմումների եւ բողոքների գլխավոր հասցեատերերից է եւ դրանց լուծման ամենաարդյունավետ օղակը:
Հանձնաժողովի գործունեության ամբողջ ընթացքում դրա ծառայությունից օգտվել են ավելի քան 3 հազար քաղաքացիներ: Նախորդ զորակոչին հանձնաժողովն ստացել է 111 դիմում-բողոք` անմիջականորեն մասնակցելով դրանցից 68-ում արծարծված խնդիրների լուծմանը: Հանձնաժողովի միջամտությամբ կատարվել են զորակոչիկների 21 ստուգողական բուժհետազոտություն եւ 2 վիրահատություն, որի շնորհիվ կարեւոր տվյալներ են բացահայտվել նրանց հիվանդությունների եւ առողջական խնդիրների վերաբերյալ: Այդ առումով զգալի է նաեւ մասնավոր բուժհետազոտությունների դերը, որոնց տվյալները համադրվում են այլ հետազոտական տվյալներին եւ օգնում հանգելու առավել հիմնավորված եզրակացությունների:
Ընդհանուր առմամբ, վերանայվել են զորակոչիկների զինծառայության պիտանիության մասին 28 եզրակացություն, ըստ որոնց 18 զորակոչիկի տրվել է մինչեւ 1 տարի, 5-ին` 3 տարի ժամկետով տարկետում, 5-ը համարվել են զինծառայության համար ոչ պիտանի: Բացի այդ, 1 զորակոչիկի զորակոչն ընտանեկան հանգամանքների առնչությամբ առկախվել է:
Հարգելի հայրենակիցներ, չնայած այժմյան անսովոր իրավիճակին` կարող եք վստահ լինել, որ հանձնաժողովը կաշխատի իրեն բնորոշ անաչառությամբ, հետեւողականությամբ եւ խորաթափանցությամբ:
Կարծիքներ