Դեքսամետազոնը մեր երկրում կորոնավիրուսի բուժման համար կիրառվել է վաղուց
Կորոնավիրուսային համավարակի շրջած աշխարհի՝ նախկին, հարազատ, սիրելի վիճակին վերադառնալուն անհամբեր սպասողների համար շատ լավ լուր էր այս հիվանդությունից մահացությունը կրճատելու ներուժ ունեցող, արդյունավետ եւ մատչելի դեղամիջոցի մասին տեղեկությունը: Թեպետ այն կիրառելի չէ վարակով պայմանավորված հիվանդության թեթև ընթացքի համար, սակայն հույս է ծայրահեղ ծանր հիվանդների համար: Օքսֆորդի համալսարանի մասնագետների կողմից կատարված հետազոտության արդյունքներով երեկ հայտարարվել է, որ Դեքսամետազոն դեղամիջոցը տասնյակ փորձարկումների ժամանակ դրական արդյունք է ցույց տվել:
Եթե Դեքսամետազոնն օգտագործվեր կորոնավիրուսի բարդացած փուլերի, ծանր հիվանդների բուժման ժամանակ համավարակի հենց սկզբից, ապա միայն Անգլիայում կարող էր փրկվել մահացածների 10%-ը. հաղորդում է BBC-ն՝ հղում անելով բրիտանացի գիտնականների հաշվարկներին:
Դեքսամետազոնն ի վիճակի է նվազեցնել մահվան վտանգը COVID-19 ունեցող ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդների մոտ. վկայում է ուսումնասիրության մեջ ներառված վիճակագրությունը: Ըստ դրա՝ Դեքսամետազոնը մինչեւ 33%-ով նվազեցնում է մահվան հավանականությունը թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված հիվանդների մոտ: Դեղամիջոցն անցել է կլինիկական փորձարկումների փուլը:
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ Դեքսամետազոն դեղամիջոցը մեր երկրում կիրառվել է շատ ավելի շուտ: «Մենք դա վաղուց ենք տրամադրում մեր՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդներին: Բայց ընդգծենք, դեղը տրվում է միայն ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող՝ վերակենդանացման բաժանմունքի հիվանդներին, եւ միայն բժշկի նշանակմամբ՝ հաշվի առնելով դեղի բոլոր հակացուցումները»:
Նշենք, որ այս դեղամիջոցը նոր չէ: Դեքսամետազոնն առաջին անգամ սինթեզվել է 1957թ, իսկ 1961թ թույլատրվել է բժշկական կիրառման։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական՝ ամենաէֆեկտիվ եւ անվտանգ դեղամիջոցների ցուցակում։
Դեքսամետազոնը կիրառվում է մի շարք բորբոքային վիճակների եւ աուտոիմուն հիվանդությունների բուժման համար. դրանցից են ռեւմատիկ հիվանդությունները, մաշկային ախտահարումները, սուր ալերգիան, ասթման, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը, գլխուղեղի այտուցը, տուբերկուլոզը եւ այլն։ Դեղագործական շուկայում այս դեաղմիջոցն առկա է տարբեր ապրանքանիշերով՝ տարբեր դեղաչափերով ու ընդունման ձեւերով՝ խմելու համար նախատեսված հեղուկ, հաբեր, ներերակային կամ միջմկանային ներարկման լուծույթ:
Այն թանկարժեք դեղամիջոց չէ՝ Հայաստանի դեղատներում այս պահին կարելի է գտնել մոտ 1000 դրամով, սակայն, կրկին նշենք, որ այն՝ որպես կորոնավիրուսային բուժամիջոց, ցուցվում է միայն ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդներին:
Կարծիքներ