Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահին

Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆանի Կարոլինա Սալինաս Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց ՀՀ Ազգային ժողովի և Կենտրոնաամերիկյան խորհրդարանի միջև վերջին տարիներին հաստատված ջերմ հարաբերությունները՝ մաղթելով, որ ձևավորված համագործակցությունը առաջիկա օրերին փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ արդյունավորվի նորանոր ձեռքբերումներով:

 

Նորին Սրբությունը կարևոր նկատեց, որ տիկին Ֆերնանդեսի այցը Հայաստան տեղի է ունենում խորհրդանշական օրերին, երբ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Խոսելով մեկ դար առաջ հայ ժողովրդի նկատմամբ գործված ցեղասպանության մասին՝ Վեհափառ Հայրապետը նշեց, որ նմանատիպ ոճրագործությունների բացառումը մարդկության պատմության մեջ հնարավոր է միայն բոլոր ազգերի համագործակցության շնորհիվ: Հայոց Հովվապետը ընդգծեց, որ Կենտրոնաամերիկյան խորհրդարանի պատվիրակության այցելությունը այդ համագործակցությանը միտված լինելու վկայություն է:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձ կատարեց Արցախյան երկրորդ պատերազմին և հայ ժողովրդի կրած կորուստներին: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը կդատապարտի աշխարհի հայացքի ներքո տեղի ունեցած պատերազմական հանցագործությունները։ Ամենայն Հայոց Հայրապետը ընդգծեց, որ աշխարհը կարող է զարգանալ և առաջընթաց արձանագրել՝ մարդկային կյանքը խարսխելով իրավունքի, արդարության ու ճշմարտության արժեքների վրա:

 

Իր հերթին տիկին Ֆերնանդեսը, ուրախություն հայտնելով ընդունելության առիթով, նշեց, որ իր համար կարևոր է լինել աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած երկրում:

 

Անդրադառնալով Կենտրոնական Ամերիկայի ժողովուրդների կրած դժվարություններին և դատապարտելով մարդկության դեմ ոճրագործությունները՝ նախագահ Ֆերնանդեսը ընդգծեց, որ ձևավորվող համագործակցության շնորհիվ Կենտրոնաամերիկյան խորհրդարանում ընդգրկված ժողովուրդները կդառնան կամուրջ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում