Ավանդների նվազման տեմպերն էականորեն դանդաղել են, առկա են նաև դրական միտումներ. ԿԲ
Հայաստանում կորոնավիրուսի համավարակի, այնուհետև պատերազմական, ռազմական դրության պայմաններում ավանդների նվազումը տեղի է ունեցել շատ ավելի փոքր չափով, քան ակնկալվում է նման խորությամբ ճգնաժամերի պարագայում, ավելին՝ ավանդների նվազման տեմպերն էականորեն դանդաղել են, արդեն առկա են դրական միտումներ: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից՝ «Արմենպրես»-ի գրավոր հարցմանն ի պատասխան:
Պատերազմի օրերին, հոկտեմբերի 27-ին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ Հայաստանում բանկային համակարգում քաղաքացիերի, կազմակերպությունների խնայողությունները որոշակիորեն նվազել են՝ նշելով, որ սակայն դա ընդհանուր ավանդների մեջ աննշան տոկոս է կազմում: ԿԲ-ից հետաքրքրվել էինք պատերազմից հետո ավանդների հնարավոր վերականգնման միտումներով:
Գլխավոր դրամատնից նշել են, որ տնտեսությունում առկա անորոշությունները, որպես կանոն, անխուսափելիորեն իրենց անբարենպաստ ազդեցությունն են թողնում ֆինանսական համակարգի վրա՝ հավելելով, որ համավարակի ազդեցությունը դեռևս չհաղթահարած՝ երկրում ռազմական դրության հայտարարումը իր հերթին նոր մարտահրավերներ առաջ բերեց:
Եվ առկա իրավիճակը, ստեղծված անորոշությունը, բնականաբար, ազդում են հաճախորդների վարքագծի վրա, և ավանդների ծավալի որոշակի նվազումը, ԿԲ-ում, լիովին բնական են համարել: «Այնուամենայնիվ, ավանդների նվազումը շատ ավելի փոքր է, քան ակնկալվում էր նման խորության ճգնաժամերի պարագայում: Թե՛ համավարակի տարածման սկզբնական փուլում, թե՛ պատերազմի մեկնարկից ի վեր հասարակության դրսևորած վարքագիծը լիովին վկայում է ֆինանսական համակարգի հանդեպ առկա բարձր վստահության մասին: Կարող ենք փաստել, որ ներկայումս ավանդների նվազման տեմպերն էականորեն դանդաղել են, ավելին, առկա են նաև դրական միտումներ»,-հայտնել են ԿԲ-ից:
Իսկ բանկերի կապիտալի և իրացվելիության ներկա մակարդակը գլխավոր դրամատանը բավարար հիմքեր է տալիս եզրակացնելու, որ ստեղծված իրավիճակում համակարգը կշարունակի բնականոն գործունեությունը:
ԿԲ նախագահը հոկտեմբերի 27-ի իր ասուլիսում պարզաբանելով ավանդների նվազեցումը՝ մասնավորապես նշել էր, որ ավանդները դուրս են եկել բանկային համակարգից ոչ թե նրա համար, որ կան խնդիրներ, այլ դա տեղի է ունեցել մի քանի պատճառներով: Պայմանավորված կորոնավիրուսով և ընդհանուր տնտեսական իրավիճակով՝ տնային տնտեսությունների մոտ կա եկամտի որոշակի նվազում, և մարդիկ դա կոմպենսացնում են նախկինում ձևավորած խնայողությունների հաշվին: Նաև առաջնագիծ գնացող հայրենակիցներից շատերը գումարը հանել են ավանդից, կանխիկ տեսքով թողել տանը, շատերը փոխանցել են բանակին, Արցախին աջակցող հիմնադրամներին:
Աննա Գրիգորյան
Կարծիքներ