Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված. Արման Սարգսյան
Փառուխում իրավիճակը շարունակում է մնալ նույնը: Որևէ մեծ բախումներ այս պահին չկան: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Նա միաժամանակ նշեց, որ յուրաքանչյուր պահի հնարավոր է՝ էսկալացիայի ալիքը մեծանա, քանի որ խաղաղությունը փխրուն է:
«Այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ չի բացառվում, որ որևէ պետություն փորձի ապակայունացնել իրավիճակը՝ իր շահերից ելնելով»,- նշեց Արման Սարգսյանը:
Անդրադառնալով հարցին, թե խաղաղապահների գործողություններն Արցախում ուսումնասիրվո՞ւմ են արդյոք, թե՞ ոչ, պատասխանեց, որ նման զգայուն թեմաների շուրջ պետք է խոսեն պատկան մարմինները:
«Կարող եմ խոսել այն մասին, թե ինչ վիճակ է այս պահին. արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված»,- ասաց Սարգսյանը:
Ինչ վերաբերում է լրագրողների հարցին՝ երբ կնշանակվի ԳՇ պետ, պաշտպանության փոխնախարարն ասաց, որ ԳՇ պետի պաշտոնակատարը Կամո Քոչունցն է, որն ունի օրենքով սահմանված բոլոր լիազորությունները և լծակները։
«Բնականաբար, նշանակում տեղի է ունենալու։ Եթե ես իմանայի, կասեի՝ վաղը չէ, մյուս օրը։ Ընդհանուր առմամբ՝ կարող եք համարել, որ մենք ունենք գլխավոր շտաբի պետ, որը բոլոր լիազորությունները կատարում է»,- ասաց նա։
Կարծիքներ