Wildberries-ը պարզաբանել է` ինչպես պատվերը ստանալ ՀՀ-ում, քանի դեռ խնդիրը չի լուծվել
Դեռ որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի Wildberries առցանց գնումների հարթակի «Առաքումներ» («Доставки») բաժնում թարմանան Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի գնորդների պատվիրված ապրանքների մասին տեղեկությունները։ Այս մասին հայտնում է ընկերության Telegram–յան ալիքը, որը բացվել է վերջին օրերին ծագած խնդիրներից հետո։
Պատվիրած ապրանքները ստանալու համար ընկերությունը խնդրում է հիմնվել առաքման` նախապես նշված ժամկետների վրա։
«Օրինակ` եթե առաքումը նախատեսված էր մարտի 14-16-ը կամ մարտի 15-17-ը, ապա ապրանքը ստանալու համար կարող եք գնալ առաքման գրասենյակ։ Իսկ եթե առաքումը նախատեսված էր մարտի 18-ին կամ դրանից հետո, ապա ընկերությունը բջջային հավելվածում push–ծանուցում կուղարկի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընկերությունը հայտնում է նաև, որ գնորդներն իրենց պատվիրված ապրանքները կարող են ստանալ.
Եթե «Առաքումներ» բաժնում տեսնում եք ծածկագիրը (код), ապա ապրանքը կստանաք այդ ծածկագրով։
Եթե «Առաքումներ» բաժնում ծածկագիր չկա, ապա ապրանքը կստանաք ձեր անուն–ազգանուն–հայրանունը և անձնական էջում (личный кабинет) գրանցած հեռախոսահամարի առաջին 3 թվանշաններով։ Առաքման գրասենյակի աշխատակիցը կարող է անձը հաստատող փաստաթուղթ պահանջել։
Նշված երկրների գնորդները, այսօրվանից սկսած, պատվերները կկարողանան անմիջապես տեսնել անձնական հաշվի «Առաքումներ» բաժնում։
Հիշեցնենք, որ մարտի 14-ի վաղ առավոտից Wildberries–ի կայքն ու հավելվածը խափանվել էին. գնումներ կատարած բոլոր օգտատերերի մոտ պատվերները զրոյական էին ցույց տալիս, հատուկ ծածկագրերն էլ չէին ուղարկվում հաճախորդներին։ Մինչ օրս հարթակն ամբողջությամբ չի վերականգնվել, դեռևս աշխատանքներ են տարվում։
Կարծիքներ