90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուները կենսաթոշակի հետ կստանան հավելում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին նախագիծը, որով բարեփոխումներ են առաջարկվում մի շարք ուղղություններով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ նախագծով առաջարկությունները վերաբերում են ազգաբնակչության առավել խոցելի խմբերին: Մասնավորապես, նոր փոփոխություններով առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և 90-ից բարձր կենսթաշակառուները ստիպված չեն լինելու ամեն տարի գնալ բանկ:
«Գիտենք, որ 12 ամիսը մեկ անհրաժեշտություն կա, որ կենսաթոշակառուն ներկայանա բանկ նույնականացման գործընթացի համար: Մեր բարեփոխումը վերաբերում է նրան, որ 12 ամիսը մեկ բանկ գնալու դրույթը դուրս գա առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև 90-ից ավելի տարիք ունեցող անձանց համար»,- ասաց Դավիթ Խաչատրյանը: Նույնականացումը կկատարվի սոցիալական աշխատողների կողմից տնայցերի միոջոցով:
Դրանից բացի, նախագծով առաջարկվող փոփոխություններով 90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին կենսաթոշակի հետ կտրամադրվի հավելում: Թե դա որքան կլինի, Դավիթ Խաչատրյանը դեռ չի հստակեցնում, միայն նշեց, որ հավելումների հաշվարկման մեդթոդաբանությունը կընդունի կառավարությունն առանձին որոշումով:
«Ամեն դեպքում հաշվարկման մեջ փորձում ենք դնել պրոգրեսիվ աճի տրամաբանությունը: Հիմա չեմ կարող կոնկրետ թիվ հնչեցնել, կարող եմ ասել, որ տոկոսային հավելում է լինելու»,-ասաց նախարարի տեղակալը:
Հարցին, թե ինչու 90 և բարձր տարիքի շրջանակն է ընտրվել, այլ ոչ, ասենք, 80 և բարձր, Դավիթ Խաչատրյանը նշեց, որ իհարկե, նախընտրելի է ավելի մեծ խումբ ներառել, սակայն գնում են փուլային ճանապարհով՝ ներառելով առավել խոցելի խմբի քաղաքացիներին:
«Պարզ է, որ 90-ից բարձր տարիքի անձանց մոտ խնդիրները շատ են՝ կապված դեղորայքի, տեղաշարժի հետ և այլն: Մոտ 11 հազար կենսաթշակառու ունենք, որոնց վերաբերելու է այս փոփոխությունը: 80-ից բարձրին, իհարկե, կանդրադառնանք, սակայն ինչպես նշեցի, գնում ենք փուլային տարբերակով: Ասեմ, որ նման հավելում տրամադրելու դրույթ դեռ չի եղել: Սա պիլոտային կարելի է անվանել»,- ավելացրեց նախարարի տեղակալը:
Նախագիծը ներկայում դրված է հանրային քննարկման, արդյունքները ամփոփվելուց հետո կներկայացվի կառավարությանը, որից հետո այն կմտնի Ազգային ժողով: Դավիթ Խաչատրյանը վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են երկրորդ կիսամյակում այս կարգավորումներն ուժի մեջ մտցնելու համար:
Կարծիքներ