ԱՄՆ-ում Covid-19-ի նկատմամբ մորից ստացված հակամարմիններով երեխա է ծնվել
Մանկաբույժներ Փոլ Գիլբերտը եւ Չեդ Ռուդնիկը Ֆլորիդայի Բոկա-Ռատոն քաղաքից նկարագրել են երեխայի ծննդյան իրենց հայտնի առաջին դեպքը, ում արյան մեջ արդեն հակամարմիններ կային, որոնք պաշտպանում են Covid-19-ից, փոխանցում է BBC-ն:
Դոկտոր Գիլբերտի խոսքով՝ հունվարին առողջապահության համակարգի հղի աշխատակցուհին ծննդաբերությունից երեք շաբաթ առաջ պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ Moderna պատվաստանյութով, եւ բժիշկները որոշել էին օգտվել այդ հնարավորությունից՝ պարզելու՝ արդյոք հակամարմինները կարող են մորից երեխային փոխանցվել:
Երեխայի ծնվելուց անմիջապես հետո նրա պորտալարից արյան անալիզ էր վերցվել եւ երեխայի մոտ հակամարմիններ էին հայտնաբերվել, որոնք միայն մորից կարող էին փոխանցվել փոքրիկին:
Ավելին, այդ հակամարմիններն արտադրվել էին բացառապես պատվաստումների արդյունքում, քանի որ դեռ մինչ ծննդաբերությունը կնոջ հանձնած թեստի արդյունքները բացասական էին, այսինքն ահակմարմինները չէին կարող արտադրվել նրա արյան մեջ բնական ճանապարհով օրգանիզմի՝ կորոնավիրուսի հետ պայքարի ընթացքում:
Բժիշկները հուսով են, որ դրանց հայտնաբերումն առիթ կհանդիսանա մայրերի պատվաստման առավելություններին հետագա ուսումնասիրությունների համար, ինչը, ինչպես պարզվում է, կարող է պաշտպանել նորածիններին կորոնավիրուսից:
Կարծիքներ