Այս հիվանդությունը խաղ և հումոր չէ, սոցցանցերում շոուներ անելու թեմա չէ, այն ընտանիքներ է դժբախտացնում. Կարեն Տոնոյան
Կորոնավիրուսն ինչքան արագ կարողանում է տարածվել, նույնքան արագ էլ վնասներ է հասցնում: Իր ոտքով հիվանդանոց եկած հիվանդը ժամերի ընթացքում կարող է շատ ծանր առողջական խնդիրներ ունենալ:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանը:
Նա ևս աշխատանքային պրոցեսի ընթացքում վարակվել է կորոնավիրուսով, ապաքինվել, և շարունակել պայքարը: «Շատ դժվար էր, և այդ դժվար օրերից մեկի ժամանակ վարակվեցի նաև ես: Շատ էի ընկճվել, բայց ընկճվել էի՝ զգալով ինձ դասալիք: Իմ ընկերները մարտի դաշտում մարտնչում էին, իսկ ես պալատում էի: Բայդ գիտակցում էի, որ իմ ներկայությունը վտանգ կլիներ նրանց համար՝ վարակի տարածման առումով:
Ապաքինվեցի, հաղթահարեցի հիվանդությունը, բայց ես ինձ հաղթած չեմ զգում: Ես կհաղթեմ այն ժամանակ, երբ մեր երկրում կորոնավիրուսով հիվանդ գեթ մեկ հոգի չի լինի:
Այս հիվանդությունը խաղ և հումոր չէ: Սոցցանցերում շոուներ անելու թեմա չէ: Այս հիվանդությունն ընտանիքներ է դժբախտացնում: Խնդրում եմ պայքարեք այս հիվանդության դեմ, մի բաժանվեք խմբերի, եղեք ամբողջական և ամուր բռունցք այնպես, ինչպես մեր զինվորներն են կանգնած սահմանին:
Բժիշկների հետ համաքայլ պետք է պայքարել: Խնդրում եմ, կրեք դիմակներ, ճիշտ կրեք դիմակներ:Դրանից է կախված մեր ծնողների, երեխաների ապագան: Մենք դեռ չգիտենք, մեր երեխաները, որոնք այժմ թեթև են հիվանդանում, վաղը ինչ կլինի նրանց հետ: Խնդրում եմ, օրը հազար անգամ, միլիարդ անգամ ախտահանեք ձեր ձեռքերը: ինչքան հնարավոր է: Պաշտպանեք Ձեզ, Ձեր ընտանիքը, մեր մեծերին, մեր փոքրերին»,-խոսքն ավարտեց Կարեն Տոնոյանը:
Կարծիքներ