ԿԽՄԿ ռեսուրսներն Արցախում ավելանալու են, և շարունակվելու է հումանիտար օգնության բաշխումը
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն իր հնարավորությունների սահմաններում
օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով
տուժած բնակչությանը: Դեկտեմբերի 4-ի դրությամբ` ԿԽՄԿ-ն Արցախի ղեկավարությանն է փոխանցել սննդամթերքի 4350 ծանրոց,
հիգիենայի պարագաների 17220 հավաքածու, 13500 ծածկոց, խոհանոցային պարագաների 1400 հավաքածու: Այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության խոսնակ Էթերի Մուսայելյանը:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում փորձում էր հնարավորինս հումանիտար օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը: Ստեփանակերտի քաղաքապետարանին պարբերաբար սնունդ էինք տրամադրում, հիգիենայի պարագաներ, որպեսզի նրանք այս ամենը բաշխեն այն բնակչության միջև, որոնք ռազմական գործողությունների ժամանակ գտնվում էին թաքստոցներում, ապաստարաններում: Մենք նաև բժշկական պարագաներ ենք տրամադրել բուժհաստատություններին, որպեսզի բուժաշխատողները կարողանան վիրավորներին ժամանակին օգնություն ցուցաբերել»,- ասաց Մուսայելյանը:
Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության խոսնակը նշեց, որ պատերազմի դադարեցման վերաբերյալ ստորագրված հայտարարությունից հետո ԿԽՄԿ-ի հնարավորությունները մեծացել են, որովհետև կարողանում են գնահատել իրավիճակը և հասկանալ պատերազմի հետևաքները: Այդ հարցում ԿԽՄԿ-ն երկխոսության մեջ է Արցախի պատկան մարմինների հետ:
«Մեր ռեսուրսներն ավելացել են, ավելանալու են, մենք փորձելու ենք ինչքան հնարավոր է մեր մանդատի շրջանակում օգնել տուժած բնակչությանը»,-
եզրափակեց Մուսայելյանը:
Կարծիքներ