Հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Ֆրանսիայի Սենատում
«Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել եմ Ֆրանսիայի Հանրապետության Սենատ, որտեղ հանդիպումներ եմ ունեցել Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերանի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր:
«Ներկայացրել եմ համագործակցության ներկայիս ընթացքը և այս այցի շրջանակներում ունեցած քննարկումների արդյունքները: Շնորհակալություն եմ հայտնել՝ համագործակցության զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար: Սենատորները պատրաստակամություն են հայտնել՝ շարունակելու աջակցությունը հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- մանրամասնել է նախարարը:
Կարծիքներ