Համահայկական շախմատի առաջին առցանց մրցաշարին մասնակցել է շուրջ 520 դպրոցական 36 երկրից
Համահայկական շախմատի առաջին առցանց մրցաշարին մասնակցել են շուրջ 520 դպրոցական տարիքի պատանիներ 36 երկրից. առաջին անգամ վիրտուալ համայնք է ստեղծվել ամբողջ աշխարհի հայ երիտասարդ շախմատասերների համար: Այս մասին տեղեկացրին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանից։
«Հունիսի 26-ին, Երևանի ժամանակով 21:00-22:00-ը (GMT +4) տեղի կունենա հունիսի 8-26-ը կայացած Համահայկական շախմատի առաջին առցանց մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում կհայտարարվեն առցանց մրցաշարի 23 հաղթողները։
Շախմատի այս մրցաշարը համավարակի ընթացքում ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի իրականացրած նախաձեռնություններից ևս մեկն է, որը կազմակերպվել է Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ:
Միացե՛ք այս յուրօրինակ միջոցառմանը Zoom հարթակում՝ շնորհավորելու մրցանակակիրներին, հանդիպելու շախմատի 23 հայ անվանի չեմպիոնների հետ ամբողջ աշխարհից, մասնակցելու խաղերի և վիկտորինաների, շահելու մրցանակներ և ավելին…
Փակման արարողությանը կմասնակցեն՝
Դոկտ. Երվանդ Զորյան, ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ, ԳՄ Սմբատ պուտյան՝Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ, ԳՄ Գաբրիել Սարգսյան, շախմատի եռակի Օլիմպիական չեմպիոն, ԳՄ Տիգրան Լ. Պետրոսյան, շախմատի կրկնակի Օլիմպիական չեմպիոն, ԳՄ Ռաֆայել Վահանյան, շախմատի կրկնակի Օլիմպիական չեմպիոն, ԳՄ Ռոբերտ Հովհաննիսյան, շախմատի աշխարհի թիմային չեմպիոն, ԳՄ Մհեր Հովհաննիսյան, Բելգիա, շախմատի Բելգիայի ութակի չեմպիոն, ԳՄ Կարեն Մովսիսյան, Իսպանիա, շախմատի վետերանների աշխարհի չեմպիոն, ԳՄ Էլինա Դանիելյան, շախմատի Եվրոպայի կանանց թիմային չեմպիոն, ԳՄ Լիլիթ Մկրտչյան, շախմատի Եվրոպայի կանանց թիմային չեմպիոն, ԳՄ Արշակ Պետրոսյան, շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ։
Կարծիքներ