Դպրոցամերձ տարածքում վարել սահմանվածից ցածր արագությամբ. մեկնարկել է «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունը

Դպրոցամերձ տարածքում վարել սահմանվածից ցածր արագությամբ. մեկնարկել է «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունը

Սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի և դպրության օրը, հանրապետության կրթական հաստատություններում հնչեց առաջին զանգը։ Մեկնարկեց նոր ուսումնական տարին, ինչին զուգահեռ մեկարկեց նաև ոստիկանության «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունը։

Տոնական տրամադրությամբ, բայց ողջ զգոնությամբ, վաղ առավոտից ուսուցիչների, ծնողների ու աշակերտների կողքին էին նաև ոստիկանության ծառայողները։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Ոստիկանությունը հանգամանորեն է նախապատրաստվել նոր ուսումնական տարվա մեկնարկին. նախապես որոշվել է՝ ո՛ր ուսումնական հաստատության շրջակայքում, ո՛ր ստորաբաժանումները պետք է իրականացնեն ծառայություն:

Մայրաքաղաքի խաչմերուկներում պարեկները կարգավորել են ծանրաբեռնված երթևեկությունը, ապահովել հասարակական կարգը, իսկ դպրոցների և ուսումնական մյուս հաստատությունների մոտ՝ ապահովել անվտանգ երթևեկը։

Դպրոցների բակերում ոստիկանները ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորել են աշակերտներին, ծաղիկներ ու փուչիկներ նվիրել նրանց։

«Շատ գովելի և գնահատելի է ոստիկանության մշտական ներկայությունը և աջակցությունը ուսումնական անվտանգ գործունեություն, գործընթաց կազմակերպելու համար»,- նշել է Երևանի թիվ 90 դպրոցի փոխտնօրեն Լիլիթ Բարսեղյանը։

Մարզերում «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունն իրականացնում են ոստիկանության մարզային վարչությունների, տարածքային բաժինների, պարեկապահակետային ու պարեկային ծառայությունների և ճանապարհային ոստիկանության ծառայողներ։

Մարզերի ոստիկանները ևս փուչիկ ու ծաղիկ են նվիրել փոքրիկներին, նրանց մաղթել արդյունավետ ուսումնական տարի և անսահման հաջողություններ։

«Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը անցկացվում է հանրապետության ողջ տարածքում։ Միջոցառմանը ներգրավված են ոստիկանության գրեթե բոլոր ծառայությունները։

Մեկամսյակի ընթացքում նախատեսված է անցկացնել «Օրինապահ հետիոտն» միջոցառումը:

Վարորդներին, երթևեկության բոլոր մասնակիցներին մեկ անգամ ևս խնդրում և հորդորում են ուսումնական տարվա առաջին այս օրերին լինել առավել զգոն և ուշադիր, դպրոցամերձ տարածքներում մեքենաները վարել սահմանվածից էլ ցածր արագությամբ, որ չլինի դեպք ու պատահար։

Անել ամեն ինչ՝ ուսումնական տարին անվտանգ մեկնարկելու և նույն անվտանգությամբ ավարտելու համար։ Ոստիկանության ուժեղացված ծառայությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում