Փորձագետը մեկնաբանել է Եվրոպայում երեխաների մոտ հեպատիտի բռնկման մասին հաղորդագրությունները
Չի բացառվում, որ Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում երեխաների մոտ հեպատիտը կարող էր հարուցել նախկինում անհայտ վիրուսի տարածումը, բայց դրա հայտնաբերման համար հետազոտությունների բարդ շարք է անհրաժեշտ, հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության ԿԳՀԻ-ի ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ պայքարի գիտական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոկրովսկին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Infosalus պորտալը, որը մտնում է Eupora Press գործակալության մեջ, հայտնել էր, որ Իսպանիայի առողջապահության նախարարությունը երկրի ինքնավար հանրակցություններին կոչ է արել երեխաների մոտ անհայտ ծագման սուր հեպատիտով հիվանդության հնարավոր դեպքերի որոնում անցկացնել՝ Մադրիդում երեք դեպքերի հայտնաբերման մասին հաղորդագրությունների ֆոնին: Ինչպես նշում է գործակալությունը՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման եվրոպական կենտրոնը, Անգլիայում հետաքննում են սուր հեպատիտով հիվանդանալու շուրջ 60 դեպք, հիվանդացածների մեծ մասը երկուսից հինգ տարեկան երեխաներ են, նրանցից ոմանց համար լյարդի փոխպատվաստում է պահանջվել:
«Լյարդն ախտահարվում է այնպիսի սուր արեւադարձային վարակների դեպքում, ինչպիսիք են դեղին տենդը, Լասի տենդը, սակայն այդ հիվանդությունները չեն հանդիպում Եվրոպայում, եւ դրանք հեշտությամբ կարելի է ախտորոշել։ Ախտահարումը կարող է կապված լինել լայնորեն տարածված վիրուսների հետ, որոնք բավականին հաճախ առաջացնում են հեպատիտներ. տարբեր հերպեսվիրուսներ, Կոկսակիի վիրուս, ցիտոմեգալովիրուս, ավելի հազվադեպ են առաջացնում հեպատիտներ նաեւ մի քանի այլ վիրուսներ: Չի բացառվում նաեւ նախկինում անհայտ վիրուսի տարածումը, սակայն դրա հայտնաբերման համար կպահանջվի հետազոտությունների բարդ ցիկլ»,- ասել է Պոկրովսկին լրագրողներին։
Նա հստակեցրել է, որ հիվանդության պատճառների մասին հարցին կօգնի պատասխանել համաճարակաբանական հետազոտությունը, որը պետք է հաստատի վարակվածների միջեւ կապերը, հիվանդության առաջացման ռիսկի ընդհանուր գործոնները:
Կարծիքներ