Դատարան է ուղարկվել պաշտոնատար անձի կողմից դիզվառելիքի ներկրմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական գործը

Դատարան է ուղարկվել պաշտոնատար անձի կողմից դիզվառելիքի ներկրմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական գործը

 ՀՀ մի խումբ պաշտոնատար անձինք դիտավորությամբ խոչընդոտել են 2015թ. ընկերության կողմից ՀՀ փոխադրված դիզելային վառելիքի հերթական խմբաքանակի մաքսային ձևակերպմանը: ՀՀ գլխավոր դատախազությունը նշում է, որ դա հիմնավորվել է դիզվառելիք ներկրող տնտեսվարողներից 2019թ. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացված դիմումների առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված  և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությամբ:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ Ա. Ա.-ն 2015թ. նոյեմբերին ապօրինի հանձնարարություն է տվել իր ենթակայությամբ պետական ծառայություն իրականացնող ՀՀ ֆինանսների նախարարության Բագրատաշենի մաքսային կետի պետի տեղակալ Ս. Մ.-ին՝ առանց իր թույլտվության չիրականացնել Բագրատաշենի մաքսային կետով ներմուծվող դիզվառելիքի ձևակերպումներ:

Ի կատարումն նշված ապօրինի հանձնարարության՝ վերջինս իր հերթին Բագրատաշենի մաքսային կետի ձևակերպման բաժանմունքների պետերին հանձնարարել է դիզելային վառելիքի ներմուծման դեպքերում զեկուցել իրեն և առանց իր թույլտվության չիրականացնել մաքսային ձևակերպում:

2015թ. նոյեմբերին 7-ին «Կ... Ի...» ՍՊԸ-ն ՌԴ Վոլգոգրադ քաղաքում ձեռք է բերել 500տ. դիզելային վառելիք, որի մի մասը ՝ 181.6տ, մինչև 2015թ. նոյեմբերի 26-ը փոխադրվել է ՀՀ, նույն մաքսային կետում ստացել է մաքսային ձևակերպում և մատակարարվել «Թեղուտ» ՓԲԸ-ին: Վառելիքի մյուս մասը երկու խմբաքանակով ՀՀ է փոխադրվել 2015թ. դեկտեմբերին:

Դիզվառելիքի այս խմբաքանակներն անցել են Բագրատաշենի բաժանմունքի մաքսային ծառայողների ստուգումները, ինչից հետո Ս. Մ.-ն տվյալ օրվա հերթապահ բաժանմունքի պետ Մ. Հ.-ից տեղեկանալով հիշյալ բեռի՝ մաքսակետում գտնվելու մասին, «Մաքսային տարանցում» ընթացակարգը եզրափակելու հրահանգներ տալու փոխարեն, կատարելով փոխնախարարի ապօրինի հանձնարարությունը՝ Մ. Հ.-ի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել չկատարել հիշյալ բեռի մաքսային ձևակերպումը և մաքսային տեսուչներին  թույլ չի տրվել իրականացնել բեռի մաքսային ձևակերպումը: Այնուհետև, Ս. Մ.-ն մաքսային կետում գտնվող վարորդներին առանց որևէ պատճառաբանության հրահանգել է բեռնատարները տեղափոխել Այրում քաղաքում գտնվող մաքսային պահեստի տարածք, ինչով կասեցվել է բեռի տեղափոխումը նշանակման վայր:

Փոխնախարար Ա.Ա.-ն, տեղեկանալով դիզելային վառելիքի հիշյալ խմբաքանակի ՀՀ ներմուծվելու, ինչպես նաև դրանք մաքսային պահեստ փոխադրելու մասին, հանձնարարել է որևէ գործողություն չկատարել և սպասել իր հետագա հանձնարարություններին:

Մինչև 2015 թվականի դեկտեմբերի 11-ը, առանց որևէ պատճառաբանություն ներկայացնելու, վարորդներին չեն վերադարձվել փաստաթղթերը, ապա նշված ավտոմեքենաներն ուղեկցվել են հայ-վրացական պետական սահմանի չեզոք գոտի, որտեղ առանց ձևակերպման, վարորդներին վերադարձվել են փաստաթղթերը նրանցից պահանջել են դիզելային վառելիքով բեռնված ավտոմեքենաները դուրս բերել ՀՀ տարածքից:

Այնուհետև, Ա. Ա.-ն տեղեկացրել է Ս. Մ.-ին, որ վերը նշված բեռնատարները վերադառնալու են ՀՀ և հանձնարարել է առանց ձգձգումների կատարել բեռի ձևակերպումն ու բաց թողնել ՀՀ տարածք։ Եվ  2015թ. դեկտեմբերի 14-ի երեկոյան մատակարար և տեղափոխող ընկերությունների միջամտության արդյունքում նշված ավտոմեքենաները վերադարձել և, հատելով վրաց-հայկական պետական սահմանը, կրկին մուտք են գործել Բագրատաշենի մաքսային կետի տարածք, որտեղ նույն օրը սահմանված կարգով կատարվել է «Մաքսային տարանցում» ընթացակարգի եզրափակում ու վարորդները հնարավորություն են ստացել փոխադրել բեռը:

Պաշտոնատար անձանց դիտավորյալ հանցավոր գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության և «Կ... Ի...» ՍՊԸ օրինական շահերին, վերջինիս կողմից նշված ավտոմեքենաների պարապուրդի համար հավելյալ վճարվել է 8.352.000 ՀՀ դրամին համարժեք 1.200.000 ՌԴ ռուբլի, որն առաջացրել է գույքային ծանր հետևանքներ: Բացի այդ, պարզվել է նաև, որ այս դեպքից հետո նշված ընկերությունն այլևս դիզվառելիք չի ներկրել:  

Վերոնշյալի հիման վրա ՀՀ ֆինանսների փոխնախարար Ա. Ա.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քանի որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում մեկ այլ քրեական գործով նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, այս գործով նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել:

Քրեական օրենսգրքի նույն հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել նաև Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսային կետի պետի նախկին տեղակալ Ս. Մ.-ին և մաքսային կետի բաժանմունքի նախկին պետ Մ. Հ-ին:

 Նկատի ունենալով, որ Ս.Մ.-ն հետագայում մահացել է, վերջինիս նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցվել է:

Մ.Հ.-ի մասով նախաքննությունն ավարտվել է, ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործից անջատված այս մասով հաստատվել է մեղադրական եզրակացությունը և  ըստ մեղադրանքի՝ Մ. Հ.-ի՝ քրեական գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում